Բավ է պառակտվել
13-07-2016 16:19

Ջավախքում տեղի է ունեցել սպանված հայ ընտանիքի հուղարկավորությունը

Այսօր Ախալքալաքի Վաչիան գյուղում տեղի է ունեցել Խաչոտյանների ընտանիքի չորս անդամների հուղարկավորությունը, որին մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը:

Այս մասին ասաց Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցը. «Դեսպանն այսօր մեկնել է Վաչիան` մասնակցելու Խաչոտյանների ընտանիքի չորս անդամների հուղարկավորության արարողությանը»:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավար Գագիկ Կարսլյանն էլ ասաց, որ Նինոծմինդայի շրջանի ղեկավար կազմը 15 հոգանոց պատվիրակությամբ երեկ մասնակցել է Խաչոտյանների հոգեհանգստի արարողությանը:

Վաչիան գյուղի բնակիչ Ռուզաննա Ս.-ն էլ տեղեկացրեց, որ հայ ընտանիքի հուղարկավորությանը մասնակցել են բազմաթիվ պաշտոնատար անձինք հարակից շրջաններից, ինչպես նաև հարևան գյուղերից. «Սա Ջավախքում չտեսնված ողբերգություն էր, շատերն են եկել իրենց մխիթարանքի խոսքը հայտնելու Վաղինակ Խաչոտյանին, ում ընտանիքն այլևս չկա»:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին սեփական տանը մահացած էին գտել նույն ընտանիքի չորս անդամներին:

Նույն օրը Վաչիան գյուղում հայ ընտանիքի սպանության կասկածանքով բերման էր ենթարկվել 23-ամյա հայ երիտասարդ, որը ոստիկանությունում խոստովանական ցուցմունք է տվել:

Այնուհետև պարզվեց սպանության գործով կասկածյալի ինքնությունը. վերջինս Վաչիան գյուղի բնակիչ էր, ում մայրը ազգությամբ հայ էր, հայրը` վրացի:

Երեկ Նոդար Ա.-ի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն: