Բավ է պառակտվել
27-04-2015 08:48

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ` Չեխիայում և Սլովակիայում (լուսնկարներ)

Չեխիայի Յիհլավա քաղաքի «Դիոդ» կինոթատրոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քննարկում: Բացման խոսքով ելույթ է ունեցել ձեռնարկի կազմակերպիչ, «Ուրարտու» հայ-չեխական մշակութային միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը, ով անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատմությանը` նշելով, որ Չեխիայի հայերը ևս ամեն տարի հիշում են և Թուրքիայից պահանջում, որպեսզի այն ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այնուհետև ներկաներին ողջունեց Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով հույս է հայտնել, որ ս/թ. ապրիլի 14-ին Չեխիայի պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից ընդունված` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին կհետևի նաև Չեխիայի ողջ խորհրդարանի կողմից նման որոշման ընդունումը։ Դեսպանը նշել է, որ Թուրքիայի իշխանությունների կողմից հնչած ցավակցությունը ժխտողականության քաղաքականության քողարկված շարունակությունն է: Այնուհետև միջոցառման մասնակիցները ծանոթացել են լուսանկարչական ցուցահանդեսին և մեկնել են Սուրբ Հոգու եկեղեցուն հարող պուրակ, ուր Չեխիայի առաջին խաչքարի մոտ ծաղկեպսակներ դրվեցին։ Չեխիայի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի և Յիհլավայի Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր, հայր Բոգդանի մասնակցությամբ տեղի ունեցավ էկումենիկ աղոթք։ Ապրիլի 24-ի առավոտյան դեսպան Սեյրանյանի և Չեխիայի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի գլխավորությամբ Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Պրահայի հայկական խաչքարի և «Մուսա լեռան 40 օրը» վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի տան մոտ:

Կեսօրից հետո Պրահայի Սուրբ Յեղյայի եկեղեցում Բարսեղ վարդապետ Փիլավչյանը և Հայկ սարկավագ Ութիջյանը մատուցել են հոգեհանգստյան պատարագ: Այնուհետև միջոցառման հազարավոր մասնակիցներ քայլերթով Պրահայի կենտրոնից շարժվել են դեպի նախագահական նստավայր՝ Պրահայի ամրոց։ Այնուհետև չեխերենով ցուցադրվել է Արազ Արթինյանի` Հայոց ցեղասպանության 20 վերապրածների վկայությունների մասին ֆիլմը։

Ապրիլի 23-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի քաղաքապետարանի հայելապատ դահլիճում տեղի է ուենցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը կազմակերպել էին հայ համայնքի ներկայացուցիչներ Վահրամ Ճուղուրյանը և Գուրգեն Հովսեփյանը։ Երեկոն դաշնամուրային կատարումով բացեց տաղանդավոր դաշնակահար Կարինե Սարգսյանը, որից հետո ցուցադրվել է հայ ժողովրդի պատմությանը վերաբերող տեսաֆիլմ։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Սլովակիայի փոխվարչապետ Լյուբոմիր Վաժնին, պաշտոնատար անձինք, քաղաքացիական հասարակության և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրած բոլոր միոցառումները լայնորեն լուսաբանվել են Չեխիայի և Սլովակիայի առաջատար լրատվամիջոցների կողմից: