26-05-2016 17:38

Երևանում որդին դաժանաբար սպանել է հորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 82-ամյա Հայկարամ Առաքելյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում սպանության կասկածանքով ձերբակալվել է տղամարդու որդին, ով ցուցմունք է տվել դեպքի շուրջ։

Հ.Առաքելյանի մահվան մասին ահազանգն ստացվել է նրա որդուց՝ 2016 թվականի մայիսի 25-ին` ժամը 11:30-ի սահաններում։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ՝ բնակարանի պատշգամբում հայտնաբերվել է Հայկարամ Առաքելյանի դին, որի արտաքին զննությամբ հայտնաբերվել են վնասվածքներ՝ ձախ աչքի արյունազեղում և քերծվածքներ՝ գլխի ու պարանոցի հատվածներում:

Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ձեռնարկվել անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա՝ հորն սպանելու կասկածանքով ձերբակալվել է որդին։ Վերջինս հարցաքննվել է որպես կասկածյալ և ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Նախնական տվյալներով՝ հոր խնդրանքով որդին նրան ներարկել է կետոնալ տեսակի ցավազրկող, որից հետո մոտ 45 րոպե անց հայրը կրկին խնդրել է դեղ ներարկել: Գիտակցելով, որ նշված դեղը երկրորդ անգամ կարելի է ներարկել միայն առնվազն 6 ժամ անց, այդուհանդերձ, որդին կատարել է երկրորդ ներարկումը և տանից դուրս եկել: 2 ժամ անց վերադառնալով տուն` նկատել է, որ հայրը մահճակալի դիմաց ընկած ծանր շնչում է՝ շտապօգնություն կանչելու փոխարեն՝ շորով կապել է հոր պարանոցից, նրան բարձրացրել անկողնու վրա և ոչ մի օգնություն ցույց չի տվել:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, բջջաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ։