24-05-2016 12:15

Հայաստանում ընթանում են ՀԱՊԿ ՕԱՀՈւ «Կոբալտ 2016» համատեղ վարժանքները

Հայաստանում մայիսի 24-26—ը կայանալու է ՀԱՊԿ անդամ երկրների ներքին գործերի մարմինների ստորաբաժանումների (ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի միավորման կազմում) «Կոբալտ 2016» համատեղ վարժանքները:

«Օպերատիվ մարտական գործողությունների եւ հատուկ նշանակության ուժերի միավորորմների հատուկ գործողությունների վարումը օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ» թեմայով վարժանքները կընթանան Հայաստան ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում։ Վարժանքների ընթացքին կհետևի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Զորավարժությունների ընթացքում մշակվելու է ՀԱՊԿ անդամ երկրների պայմանական տարածքում ահաբեկչական խմբերի գործունեության կանխման, զենքի, պայթուցիկ նյութերի եւ թմրանյութերի ապօրինի վաճառքի խափանման համատեղ գործողությունների անցկացման կարգը:

Վարժանքների հիմնական նպատակները ահաբեկիչներին որոնելու եւ ոչնչացնելու գործում ներքին զորքերի հատուկ ստորաբաժանումների, օպերատիվ խմբերի կառավարման մարմինների զինծառայողների գործնական հմտությունների մշակումն ու կատարելագործումն է, ինչպես նաեւ փոխօգնության կազմակերպումը:

ՀԱՊԿ պաշտոնական կայքում ասվում է, որ վարժանքներին մասնակցելու են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի ներքին զորքերի ստորաբաժանումները: