Բավ է պառակտվել
07-01-2018 13:26

Թանկացել են դիզվառելիքը, բենզինն ու ավտոմեքենաների լիցքավորման գազը

2018 թվականը Հայաստանի բնակիչների համար սկսվել է թանկացումներով: Մասնավորապես, հունվարի 1-ից 10-15 %-ով բարձրացել են բենզինի, դիզվառելիքի ու ավտոմեքենաների լիցքավորման գազի գները:

Եթե մոտ մեկ ամիս առաջ Regular տեսակի բենզինի լիտրը արժեր 390 դրամ (80 ցենտ), ապա այսօր այս բենզինը վաճառվում է 430 դրամով: Դիզվառելիքը ևս թանկացել է՝ 390 դրամից հասնելով 440-ի:

Նշենք, որ ամենից շատ թանկացել է ավտոմեքենաների լիցքավորման գազը: Այսօր վարորդներն արդեն ստիպված են մեկ խորանարդ մետր սեղմված գազի դիմաց վճարել 210-220 դրամ, մինչդեռ անցած տարվա վերջին վառելիքի այս տեսակն արժեր 180-190 դրամ:

Դժվար չէր կանխատեսել տաքսիների և միկրոավտոբուսների վարորդների արձագանքը. « Սա շատ վատ ազդեցություն կունենա, և կհանգեցնի ամեն ինչի թանկացման»,- Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է վարորդներից մեկը:

Շարունակական գնաճի պայմաններում ՀՀ իշխանությունները արդեն մի քանի տարի է հրաժարվում են բարձրացնել թոշակներն ու նվազագույն աշխատավարձը: 2018 թվականին դրանք կմնան նույն մակարդակի վրա:

Նվազագույն աշխատավարձի չափը վերջին անգամ բարձրացվել է 2015 թվականի հուլիսի 1-ին: Այն մինչ օրս շարունակում է մնալ 55 հազար դրամ, կամ այսօրվա փոխարժեքով 113 ԱՄՆ դոլար:

Մինչդեռ, Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն 2017թվականի երրորդ եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 55 591 դրամ, այսինքն՝ նվազագույն աշխատավարձից ավելի:

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի խոսքով, դիզվառելիքի, բենզինի և սեղմված գազի թանկացումները բացասական ազդեցություն կունենան հատկապես բնակչության սոցիալապես անապահով խավի վրա, և լրացուցիչ բեռ կդառնա սպառողների համար:

«Սեղմված գազի թանկացումը պայմանավորված է նոր Հարկային օրենսգրքով նախատեսված ակցիզային հարկի ներդրմամբ..: Մենք հերթական անգամ դառնում ենք այն բանի վկան, թե ինչպես է վաճառողը հարկային լրացուցիչ պարտավորությունները, և դեռ մի բան էլ ավելին, ավելացնում ապրանքի գնի մեջ: Այսինքն՝ դրա համար վերջին հաշվով վճարում է սպառողը»,- ընդգծել է տնտեսագետը: