Բավ է պառակտվել
29-11-2014 14:23

Հայաստանում բացվեց եվրոպական չափանիշերով առաջին քրեակատարողական հիմնարկը

Եվրոպական չափանիշներին համապատասխանող՝ 1200 դատապարտյալի համար նախատեսված՝ Հայաստանի առաջին քրեակատարողական հիմնարկի կառուցման առաջին փուլն ավարտված է, առաջիկայում այնտեղ կտեղափոխվի փակ եւ կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկներում իրենց պատիժը կրող՝ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված 400 մարդ: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնական բացմանն այսօր՝ նոյեմբերի 29-ին, մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։ «Շահագործման ենք հանձնում անկախ Հայաստանում կառուցված առաջին քրեակատարողական հիմնարկը: Հիմնարկի շահագործմամբ փորձելու ենք բարելավել դատապարտյալների իրավունքները եւ կենցաղային պայմանները՝ համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին եւ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի պարտադիր պահանջներին»,- ՔԿՀ-ի բացմանն ասաց նախարարը՝ նշելով, որ երկրորդ մասնաշենքի շահագործման հանձնվելուց հետո հիմնարկն իր վրա կվերցնի համակարգի ծանրաբեռնվածության 25%-ը:

Քրեակատրողական հիմնարկի շահագործման հանձնելու երկրորդ փուլը տեղի կունենա 2015թ., այնտեղ կտեղափոխվի եւս 800 դատապարտյալ: Դատապարտյալները «Արմավիր» ՔԿՀ-ում իրենց պատիժը կկրեն 4 դատապարտյալի համար նախատեսված՝ 16 քառ. մետր տարածք զբաղեցնող խցերում՝ կահավորված, սանհանգույցով ապահովված: Քրեակատարողական հիմնարկն ապահովված է անվտանգության եւ հակահրդեհային ահազանգման համակարգերով, մոտ 150 շարժական եւ անշարժ տեսադիտարկման սարքավորումներով, 4 դիտաշտարակով: ՔԿՀ-ի ամբողջ պարագծով տեղադրված է հոսանքահարող (էլեկտրաշոկ) անվտանգության համակարգ: Հիմնարկի տեխնիկական հագեցվածության հարցում աջակցել է ԱՄՆ դեսպանատունը:

Քրեակատարողական հիմնարկի բացմանը ներկա՝ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով՝ ԱՄՆ հարկատուների միջոցներից կես միլիոն դոլար է հատկացվել ՔԿՀ-ի կառուցմանը:

«Մենք այդ միջոցներով, օրինակ, օգնել ենք համակարգիչների, մետաղորսիչ սարքերի տրամադրման հարցում: Մենք Հայաստանի հետ աշխատել ենք արդարադատության ոլորտի բարեփոխումների շուրջ: Իհարկե, վիճակը կատարյալ չէ, բարեփոխումների անհրաժեշտություն կա, բայց մենք տեսնում ենք, որ հանձնառություն կա այդ բարեփոխումները կատարելու ուղղությամբ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ջոն Հեֆերնը:

Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ԱՄՆ Վիսկոնսին նահանգի քրեակատարողական դեպարտամենտի պետ Էդվարդ Վոլը, որը նշեց, որ Հայաստանի քրեակատարողական համակարգի հետ համագործակցության շնորհիվ բանտերի աշխատանքի կազմակերպման վերաբերյալ ուսուցողական կուրսեր են կազմակերպել: «Սա գեղեցիկ շինություն է, բայց, այն, թե հետո ինչպես է այստեղ կազմակերպվելու աշխատանքը, շատ կարեւոր է: ՔԿՀ-ի աշխատանքը գնահատվում է ոչ թե նրանով, թե քանի մարդ է այնտեղ պահվում, այլ նրանով, թե ինչպես է այդ ՔԿՀ-ն աշխատում, որպեսզի այ մարդիկ ազատվելուց հետո չվերադառնան այնտեղ։ ԱՄՆ ՔԿՀ-ներում տարբեր ծրագրեր են իրականացվում, որպեսզի ազատվելուց հետո նախկին կալանավորները կարողանան հանդես գալ որպես համայնքի լավ քաղաքացիներ»,- լրագրողներին ասաց Էդվարդ Վոլը: «Արմավիր» ՔԿՀ-ում կգործի 120 դատապարտյալների ստացիոնար բուժման համար կառուցված հիվանդանոց, որը ներառում է երկու վիրահատարան եւ չորս հետվիրահատական սենյակ: Հիմնարկն ունի վարչական մասնաշենք, ռեժիմային տարածք՝ համապատասխան խցերով, կարճատեւ եւ երկարատեւ տեսակցությունների համար նախատեսված սենյակներով, ինչպես նաեւ դատապարտյալների եւ աշխատակիցների համար նախատեսված ճաշարաններ՝ հագեցված անհրաժեշտ պարագաներով: Նշենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ի շինարարությունը սկսվել է 2007թ., ֆինանսական միջոցների բացակայության պատճառով այն կասեցվել է 2010թ., 2011-ին՝ վերսկսվել: Հիմնարկը զբաղեցնում է 11.5 հեկտար տարածություն՝ շրջապատված 3 մետր բարձրությամբ եւ 2500 մետր երկարությամբ քարե պարսպով: