18-11-2016 09:28

Ձմեռն իր ցուրտն է բերում Հայաստան

Օդի ջերմաստիճանը Հայաստանում առաջիկա հինգ օրերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, իսկ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում` 6-8 աստիճանով, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Ամենից ցուրտ կլինի նոյեմբերի 22–ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում` այնտեղ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10-14 աստիճան ցուրտ։

Երևանում ուրբաթ ցերեկն օդը կտաքանա մինչև 8-10 աստիճան տաքություն, իսկ այնուհետև կսկսի ցրտել, և նոյեմբերի 22–ի գիշերը սնդիկի սյունը ցույց յտա 4-6 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին` 2-4 աստիճան տաքություն։

Միաժամանակ, նոյեմբերի 18-19–ին ամբողջ հանրապետությունում սպասվում է պարզ եղանակ, իսկ նոյեմբերի 20-22–ին Լոռում, Տավուշում և Արցախում հնարավոր է թույլ ձյուն։

Քամին կլինի հյուսիս–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։