Բավ է պառակտվել
29-11-2014 12:47

Հայաստանում առաջիկա ձմեռը լինելու է տաք. Հայպետհիդրոմետ

«Հայաստանում առաջիկա ձմեռը լինելու է տաք»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առաջիկա ձմռան ընթացքում դեկտեմբեր, հունվար եւ փետրվար ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը լինելու է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով»,- ասաց Գագիկ Սուրենյանը՝ ավելացնելով, որ միջերկրական ծովից ներթափանցող տաք ցիկլոններով պայմանավորված ձմեռը կլինի ձնառատ: Անրադառնալով՝ դեկտեմբերին սպասվող օդի առավելագույն եւ նվազագույն ջերմաստիճանի մասին՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ դեկտեմբերի առաջին տասնօրյակում եղանակը կլինի տաք, իսկ երկրորդին՝ հատկապես գիշերվա ժամերին, համեմատաբար ցուրտ: «Դեկտեմբերի առաջին տասնօրյակում Երեւանում, Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց ձորի հովտային գոտիներում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ +8+10 ջերմաստիճան: Երկրորդ տասնօրյակում, պայմանավորված արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ, կլինի ջերմաստիճանի անկում՝ գիշերը -12-15 աստիճան: Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը կլինի մինչեւ +3+5 ջերմաստիճան, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում -18-23 աստիճան ցուրտ: Լոռիում կլինի +5+10 աստիճան, երկրորդ տասնօրյակում գիշերային ժամերին կդիտվի մինչեւ -15-20 աստիճան: Տավուշում սպասվում է +7+12 ջերմաստիճան տաքություն, գիշերային ժամերին կդիտվի ջերմաստիճանի անկում -10-15 աստիճան: Սյունիքում ցերեկը՝ +10+15, գիշերը՝ 7-12 աստիճան»,- ասաց Գագիկ Սուրենյանը: