Բավ է պառակտվել
14-06-2016 14:27

Հայաստանում հարցվածների 92,7 տոկոսը վստահում է ՀՀ Զինված ուժերին.հարցում

ՀՀ Զինված ուժերին վստահում է Հայաստանում հարցվածների 92,7 տոկոսը, հայտարարեց «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի Հայաստանում ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Հարցումն ընկերությունն անցկացրել է ապրիլյան պատերազմից հետո՝ մայիսի 13-24-ը, ՀՀ ողջ տարածքում չափահաս 1106 քաղաքացիների շրջանում:

«Զինված ուժերի հետ կապված՝ մեր վերջին հարցումը 2014-ի օգոստոսյան իրադարձություններից հետո էր և այդ ցուցանիշի համեմատ հիմա բանակի նկատմամբ վստահությունն աճել է 2,7 տոկոսով», - լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Նավասարդյանը:

«Գելլափը» ներկայացրեց նաև քաղաքացիների պատրասատակամությունը ռազմական գործողությունների վերսկսման դեպքում անձամբ մասնակցելու տեսանկյունից:

Այսպիսով՝ 57,1 տոկոսը պատասխանել է, որ անձամբ կմասնակցի ռազմական գործողություններին, ևս 24,9 տոկոսը պատասխանել է, որ, ամենայն հավանականությամբ, կմասնակցի:

«Ընդհանուր առմամբ՝ հարցվողների 82 տոկոսը պատրաստակամություն է հայտնել անձամբ մասնակցել ռազմական գործողություններին: Հետաքրքիր մի բան պիտի ասեմ, որ այս հարցից հետո հարցվողներից շատերը զանգահարում էին Գելլափ և ճշտում, թե ինչ պետք է ներկայացնել՝ որպես կամավոր գրանցվելու համար: Այսինքն՝ նրանց պատրաստակամությունն իրական էր և մեր հարցից իրենք ենթադրել էին, որ կարող ենք աջակցել նաև կամավորագրվելու դեպքում», - ասաց «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը: