Բավ է պառակտվել
21-10-2014 12:08

ՀՀ-ում դեկտեմբերի 9-ը կարող է հայտարարվի բոլոր Ցեղասպանությունների զոհերի հիշատակման օր

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը օրենսդրական նախաձեռնության կարգով կառավարությանն է ներկայացրած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախածերի փաթեթ, որն ընդգրկված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում: «Հայաստանի կառավարությունը նպատակահարմար է համարում ներկայացված առաջարկության փոխարեն դեկտեմբերի 9-ը հայտարարել բոլոր Ցեղասպանությունների զոհերի հիշատակման օր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիան ՄԱԿ-ը ընդունել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին: Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենսդրական նախաձեռնությունն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկության ընդունման դեպքում: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հաաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը»,- նշված է կառավարության եզրակացության մեջ: «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և նրանից հետո (1912-1923 թվականներին) Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային տեղահանությունները, կոտորածները, նրանց տաժանակիր աշխատեցնելը եւ սեփականությունից զրկելը (գույքի բռնագրավում) բաղադրիչ մասերն են Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության` ուղղված հայ, հույն, ասորի, եզդի եւ այլ բնիկ ժողովուրդների դեմ: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2.7 միլիոն հույն: Աղբյուրների եւ արխիվային փաստաթղթերի ուսումնասիրություններն ապացուցում են, որ 1912-1923 թվականներին զոհվել են ավելի քան յոթ հարյուր հազար հույներ` կոտորածների, ինչպես նաեւ բռնագաղթի, տաժանակիր աշխատանքների, սովի հետեւանքով:

Երկու տարբեր առիթներով Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Օսմանյան կայսրության պոնտոսահույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը: 1994թ. փետրվարին միաձայն որոշում է կայացրել մայիսի 19-ը հայտարարել պոնտոսահույների ցեղասպանության հիշատակի օր, իսկ 1998-ին` սեպտեմբերի 14-ը որպես Փոքր Ասիայի համայն հույների ցեղասպանության հիշատակի օր: Հունաստանի խորհրդարանը 1996թ. ապրիլի 25-ին բանաձեւ (2397/1996) է ընդունել` ապրիլի 24-ը ճանաչել որպես «Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության օր»: Իսկ բոլորովին վերջերս՝ 2014թ. սեպտեմբերի 9-ին, ընդունել է հայերի եւ պոնտացի հույների ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձև: 2010թ. մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը (Ռիկստագ) ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ, որում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը ներկայացվում են, որպես ցեղասպանություն: Բանաձեւում նշված է, որ Թուրքիայում իրականացվել են ինչպես հայերի, այնպես էլ ասորիների եւ պոնտացի հույների զանգվածային ջարդեր: Ցավոք, ցեղասպանություններ տեղի են ունենում նաեւ մեր օրերում, բոլորովին վերջերս Հյուսիսային Իրաքի Շանգալ եզդիաբնակ տարածքում «Իսլամիստական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից եզդի ժողովուրդը ենթարկվեց մասսայական կոտորածի: Դատապարտելով Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի դեմ իրականացված հանցագործությունը՝ նաև պարտավորվում ենք ունենալ մեր ներդրումը ապագայում նման ոճրագործությունները կանխելու հարցում: Ներկայացվող օրինագիծը մշակվել է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան, մասնավորապես ՄԱԿ-ի` «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի հիման վրա, որին միացել է Հայաստանի Հանրապետությունը, եւ որը սահմանում է, որ կոնվենցիային միացող երկիրը պարտավորվում է կոնվենցիայի դրույթները գործողության մեջ դնելու համար ընդունել իր սահմանադրությանը համապատասխան օրենսդրություն: Օրինագիծը զարգացնում է պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հետեւանքների հաղթահարման գործընթացին միտված իրավական եւ կազմակերպչական համակարգը»: