16-06-2015 13:40

Հայաստանի երեք միլինոնանոց բնակչությունն ամենօրյա տեռորի է տակ է.Է. Մաուքյան

ԱԺ արտահերթ նիստում այսօր սկսվեց «Քաղաքացիական օրենսգրքում» ու հարակից այլ օրենքներում նախատեսվող փոփոխությունների փաթեթի քննարկումը: Փաթեթում ներառված է նաև «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքը: Փոփոխություններով առաջարկվում են սահմանել արբիտրաժային տրիբունալի կողմից հայցի ապահովման միջոցներ սահմանելու պայմանները, կիրառվելիք «նախնական կարգադրություների» ինստիտուտը, ինչպես նաև՝ առաջարկվում են հստակեցնել արբիտրի նկատմամբ սահմանվող նվազագույն պահանջները: Փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դրական գնահատեց, որ փաթեթը միտված է դատական համակարգի գերբեռնվածությունը թեթևացնելուն, սակայն, ըստ նրա, դրան միտված ուրիշ քայլ է իրականացվել, որի պատճառով Հայաստանի երեք միլինոնանոց բնակչությունն ամենօրյա տեռորի է տակ է, քանի որ արտադատարանական ընթացակարգերով մարդկանց սեփականազրկելու, իրավակարգավորումը ներդնելու և հետևողական պայքարելու խնդիր կա: Բարեփոխումների հետ կապված պատգամավորը մի քանի վիճակագրական տվյալներ ներկայացրեց: Մասնավորապես, ըստ նրա, ՀՀ չափահաս բնակչությունը մոտ 2 մլն 240 հազար մարդ է, մեկ տարվա ընթացքում Հայաստանում տարբեր տեսչությունների կողմից կազմվել է 1.5 մլն վարչական ակտ: Այսինքն՝ պատժի որոշումներ են կայացվել, որով մարդկանցից բռնագանձվել են գումարներ և ԴԱՀԿ ծառայության վճարներ:
«Դրան գումարվել է, այ Դուք երևի մտածում եք, որ ճանապարհատրանսպորտային խախտումների ակտերը այս 1.5 մլնի մեջ է, ո՛չ, հարգարժա՛ն գործընկերներ, ո՛չ: Դրան գումարվել է 345 հազար ՃՈ կողմից կազմված վարչական ակտերը: Այսինքն՝ մեկ տարում 1 մլն 845 հազար վարչական ակտ է կազմվել, որոշում, տուգանք՝ մարդկանց նկատմամբ, բայց դատարանները այս գործերը չեն քննում, մարդկանց լսված լինելու իրավունքը ոտնահարված է, մարդկանց սեփականության իրավունքը խախտվում է»,- ասաց Է.Մարուքյանը:
«Սա խայտառակություն է: Բոլորդ ինձ լավ գիտեք, ես փորձում են նման ելույթներ չունենալ, բայց չափն ու սահմանն անցել է»,- նշեց պատգամավորը: Նա վարչական ակտերի քանակի վիճակագրությունը նույնպես խայտառակություն անվանեց, որը չի կարող մի պետության մեջ հանդուրժել. «Ո՞վ է տեսել մի գիծ տրորելու համար մարդուն 5000 դրամ տուգանեք: Մի անգամ զգուշացրեք, երկրորդ անգամ խիստ զգուշացրեք, ասենք, չափ ու սահման կա: Նայեք բնակչության սոցիալական վիճակը՝ որքան մարդկանց սոցիալական վիճակը գնում է դեպի ներքև, որքան ծայրահեղ է դառնում մարդկանց օրվա ապրելակերպը, էնքան վարչական ակտերն աճում են»: Շարունակելով խոսքը պատգամավորն ասաց. «Այս խնդիրը պետք է լուծենք: Ես խնդրում եմ՝ մինչև աշնանային նստաշրջան, եկեք մի բան անենք, որը որ, ըստ էության կարող է չհամընկնել մեր սիրելի կառավարության տեսակետի հետ, քանի որ բոլոր տեսակի չափ ու սահմանը, արդարության սկզբունքները խախտված են, էլ տեղ չկա»,-ասաց Է.Մարուքյանը՝ հավելելով, որ ինքը նման նախագիծ կկազմի: Ըստ նրա՝ պետք է որոշումը կազմել, առաջինը դատաիրավական ընթացակարգերը մեղմացնել, մարդկանց իրավունքները պետք է պաշտպանել. «Մենք պետք է այնպես անենք, որ դատարաներն այդ գործերը լսեն, թե այդ վարչական ակտն ի՞նչ չափանիշերով է կազմվել ու լեգիտի՞մ է կազմվել: Հետո հասնենք նրան, որ տուգանքների չափերը նվազեցվեն։ Ես չեմ հասկանում, եթե լուսաֆորից մի քիչ առաջ ես կանգնել, ինչի՞ է 5 հազար տուգանք, մի քիչ ուշ վերադասավորումն ի՞նչ է լինում, եթե վթարային վիճակ չկա, ինչի՞ համար: 2 մլն տուգանքից բացի, դեռ այս վարույթները 20-30%-ով ավելանում են, մարդը չի հասցնում վճարել և այլն, և այլն: Ես նախագիծը կպատրաստեմ, կմոտենամ բոլորիդ, որ ստորագրենք և գնանք առաջ»: