Բավ է պառակտվել
13-04-2015 17:03

Անթալիայում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ միջազգային խորհրդաժողով է անցկացվել

Թուրքիայի Աքդենիզ համալսարանում ապրիլի 8-11-ն անցկացվել է միջազգային խորհրդաժողով՝ նվիրված վերջին 100 տարում հայ-թուրքական հարաբերություններին։ Այս մասին գրում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։

Խորհրդաժողովին մասնակցել է Թուրքական պատմագիտական ընկերության (TTK) նախագահ Ռեֆիք Թուրանը, որը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային, այն որպես տեղահանություն է որակել։ «Թուրքիան հստակ քայլեր է կատարում երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Դրա ապացույցներից մեկն էլ կուսակցությունների՝ հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հայ թեկնածուներին իրենց ցուցակներում ընդգրկելու փաստն է։ Հայկական հարցը քաղաքական, քարոզչական, պատմական խնդիր է։ 1915 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն չէ, Օսմանյան կայսրության հայ բնակչությունը ենթարկվել է տեղահանության», – ասել է Թուրանը։ Նշենք, որ 2015 թվականին ընդառաջ՝ թուրքական կողմն ակտիվացրել է Հայոց ցեղասպանության դեմ պայքարը տարբեր ճակատներում, այդ թվում և գիտական ուղղությամբ: Թուրքիան տպում է Ցեղասպանությունը ժխտող բազմալեզու գիտական գրականություն, անցկացնում տեղական ու միջազգային սեմինարներ ու գիտաժողովներ: Թուրքիան նաև ֆինանսավորում է միջազգային կարևորություն ունեցող համալսարաններում Ցեղասպանության փաստի ժխտմանն ուղղված քայլերը: