02-11-2016 10:44

2017թ. ՀՀ-ում թոշակառուների թիվը 2.7 հազարով կավելանա, կենսաթոշակը նույնը կմնա

2017 թվականին աշխատանքային կենսաթոշակների համար ծրագրվում է հատկացնել 223.5 մլրդ դրամ կամ 300 մլն-ով պակաս՝ 2016 թվականի համեմատ: Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2017թ. պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Թոշակառուների թիվը կավելանա՝ 456.960-ից հասնելով 459.682-ի (շուրջ 2.7 հազարով), իսկ նրանց միջին աշխատանքային ստաժը փոքր-ինչ կնվազի: Այդ պատճառով կկրճատվի նաեւ կենսաթոշակի միջին չափը՝ 40.807-ից հասնելով 40.511-ի (85 դոլար): Սակայն կենսաթոշակի հաշվարկումը նույնը կմնա. 16 հազար դրամ բազային կենսաթոշակ, որին կավելանա 800-ական դրամ՝ առաջին 10 տարվա ստաժի համար եւ 500-ական դրամ՝ հետագա տարիների ստաժի: