Բավ է պառակտվել
17-07-2015 09:21

Պերմյակովի գործի քննությունը ռուս բարձրաստիճան զինվորականի մեղադրյալ է դարձրել

Դոնի Ռոստովի կայազորային դատարանը կալանավորելու որոշում է կայացրել Հարավային ռազմական շրջանի պարենային ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Դենիս Զորինի նկատմամբ: Զորինը մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում խարդախության ճանապարհով ավելի քան 450 մլն ռուբլու պարենամթերք հափշտակելու մեջ, որը մատակարարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռազմական ավիացիոն բազայի կարիքների համար: Բազմամիլիոնանոց հափշտակության փաստերը բացահայտվել են Գյումրիում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի իրականացրած դաժան սպանության գործի քննության ընթացքում: Քննիչները սարսափեցնող մանրամասներ են բացահայտել: Մասնավորապես, պարզել է, որ ժամկետային զինծառայողները բավական հաճախ են լքել զորամասը՝ սնունդ փնտրելու համար: Մի խոսքով՝ նրանք թերսնվել են: Այս տեղեկությունն իրավապահ մարմիններին հայտնելուց հետո եւս մեկ քննչական խումբ է ստեղծվել, որը սկսել է զբաղվել Գյումրու ռազմաբազայում պարենային հափշտակության հետաքննությամբ: Կալանավորված բարձրաստիճան զինվորականը սկսել է ցուցմունք տալ: Պարզվել է, որ Հայաստանում պարենային հափշտակությամբ զբաղվող մի ամբողջ համակարգ է գործել: Շղթան հասցրել է մինչեւ պարենային ծառայության ղեկավարի տեղակալ Դենիս Զորինը: Սակայն պաշտոնից ազատելու փոխարեն, Դենիս Զորինի պաշտոնը բարձրացրել են՝ նշանակելով Կենտրոնական ռազմական շրջանի պարենային ծառայության ղեկավար: Մեկ տարի շարունակ հետաքննությունը փորձում էր հասնել գնդապետի կալանավորման որոշմանը: Քննիչների կարծիքով, Զորինը, բարձր պաշտոն զբաղեցնելով եւ գաղտնի ու ծառայողական տեղեկատվության հասանելիություն ունենալով, խոչընդոտել է հետաքննության անցկացմանը, «կոծկել հետքերը», ճնշում գործադրել գործի մասնակիցների նկատմամբ: Դատաքննության ընթացքում Դենիս Զորինը խնդրել է իր նկատմամբ խափանման միջոց ընտրել գրավը՝ 1 մլն ռուբլու չափով: Սակայն որոշվել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը՝ մեկուսացնելով նրան հանրությունից: