12-05-2014 19:00

Դուբայ-Երևան չվերթի ժամանակ ուղևորը փորձել է խեղդել բորտուղեկցորդուհուն

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Դուբայ-Երեւան չվերթի ինքնաթիռում կատարված խուլիգանությունից:

Մայիսի 12-ին, ժամը 04.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Դուբայ-Երեւան չվերթի ինքնաթիռում անկարգ ուղեւոր կա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Դուբայ-Երեւան չվերթի ինքնաթիռի ուղեւոր, 1977 թ. ծնված Արտյոմ Մ.-ն ինքնաթիռի վայրէջքից մոտ 40 րոպե առաջ իրեն դրսեւորել է ագրեսիվ, չի ենթարկվել ինքնաթիռի անձնակազմի պահանջներին, հարվածներ է հասցրել բորտուղեկցորդին, փորձել է խեղդել բորտուղեկցորդուհուն, եւ մոտ 40 րոպե տեւողությամբ տվել է հայհոյանքներ` դրսեւորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք օդանավի ամբողջ անձնակազմի նկատմամբ:

Արտյոմ Մ.-ն ժամը 05.25-ին «Զվարթնոց» օդանավակայանի 14-րդ կանգառի շարժական կամրջակի միջից բերման է ենթարկվել գծային բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական բաժանմունք: