Բավ է պառակտվել
29-04-2014 17:36

Ուսուցիչները զայրացած են, Արմեն Աշոտյանի պատճառով պատրաստվում են գործադուլի

Երևանում ուսուցիչների համբերության բաժակն էլ լցվեց: Եթե մինչ այսօր նրանք վախենում էին բարձրաձայնել իրենց հուզող խնդիրների մասին, ապա այսօր կարելի է ասել ՛՛պայթեցին՛՛: «Մի ստրկացրեք ուսուցչին», «Փակելով ուսուցչի բերանը՝ փակում եք մի ամբողջ սերնդի բերան», ուսուցիչները նման գրություններով պաստառներ էին վերցրել ու եկել կառավարության 3-րդ մասնաշենք, որպեսզի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաժարվի կրթության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերից 5 տոկոս պարտադիր կուտակային պահումներ անելու որոշումից:

News. gisher.ru-ի հետ զրույցում ուսուցիչներից մեկն, ով այդպես էլ չցանկացավ ներկայանալ, բավականին զայրացած նշեց, որ առանց այդ էլ նախարարն այնքան ՛՛լեղու՛՛ է դրել աշակերտների ու նրանց ծնողների բերանը, որ ՛՛տակից դուրս գալ չի լինում՛՛:

՛՛Նախարարության ջանքերով մենք այսօր ստանում ենք աղքատավարձ։ Դրանից էլ են ուզում գումար պահել, ես ստանում եմ 50 հազար դրամ, բայց նյարդերիս քայքայման ու հազարավոր թղթաբանություններ լրացնելու հաշվին, ստուգումներ, համակարգչային ծրագրեր են փաթաթել մեր վզին, ի՞նչ են ուզում, երևի բթացնեն ուսուցիչներին, որ չկրթենք սերնդին, կարելի է ասել սանձարձակ ու անդաստիարակ սերնդին: Մենք կրթում ենք նրանց, այո, բայց դաստիարակություն նրանք տանն են ստանում, ինչն այսօր խիստ կասկածելի է՛՛:

Նշենք, որ ուսուցիչները բավականին հստակ են որոշել, եթե ԿԳՆ-ն չդադարի 5 տոկոսները գանձել, ապա իրենք գործադուլ կանեն:

Ուսուցիչներին միացել են նաեւ կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող ՛՛Դեմ ԵՄ՛՛ նախաձեռնության անդամները։ Նրանք հայտարարել են, որ կաջակցեն բոլորին, ովքեր համարձակություն կունենան դուրս գալ պայքարելու իրենց իրավունքների համար։