Բավ է պառակտվել
27-04-2016 14:41

Ավտոբուսի պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը պարզվել է

«Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ապրիլի 25-ին ավտոբոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը: Նա ՀՀ քաղաքացի, 55-ամյա Ռուբեն Բալյանն է»,- ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նշենք, ավելի վաղ հայտարարվել էր, որ վերջինիս բջջային հեռախոսի քարտը հայտնաբերվել էր դեպքի վայրում կատարված զննությամբ։ Նույնականացնելու համար նշանակվել էր ԴՆԹ փորձաքննություն: Ըստ հրապարակված տեղեկությունների, ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվողը մոր հետ գույքային վեճ է ունեցել: Մայրը վաճառել էր գույքը և ողջ հասույթը փոխանցել մյուս զավակին, ինչն էլ լուրջ ներընտանեկան վեճի պատճառ էր դարձել: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ 55-ամյա տղամարդը սպանության փորձի մեղադրանքով 13 տարվա ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրել է Հայաստանում, իսկ երկրորդ անգամ դատապարտվել է արտերկրում: Նշենք, որ Քննչական կոմիտեից հրաժարվեցին մեկնաբանել այս տեղեկությունը:

Մյուս զոհը, ում ինքնությունն ավելի վաղ էր պարզվել, 1979թ. ծնված Արմեն Հովհաննիսյանն է: Նա նույնպես ՀՀ քաղաքացի է: 
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 2, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 8 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն: Միջադեպի հանգամանքները ճշտելու ուղղությամբ քննչական աշխատանքները շարունակվում են: