Բավ է պառակտվել
28-02-2015 10:06

Պարզվել է Բորիս Նեմցովի վերջին ճանապարհը

Մոսկվայի քննիչները պարզել են սպանված Բորիս Նեմցովի վերջին ճանապարհը: Ինչպես հայտնել են ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմիններից, սպանությունից առաջ նա ընթրել է իր ուղեկցորդուհու հետ Պետհանրախանութի ռեստորաններից մեկում: «Նեմցովի ճանապարհը պարզվել է: Նա և նրա ուղեկցորդուհին ընթրել են Պետհանրախանութում, այնուհետև զբոսանքի են դուրս եկել: Ամենայն հավանականությամբ նրանց հետևել են Պետհանրախանութից, և հանցակիցներից մեկը հաղորդել է, թե որ ուղղությամբ է գնում Նեմցովը », - նշեց աղբյուրը: «Քաղաքական գործիչը և աղջիկը անցել են Կարմիր հրապարակով Վասիլյևսկի զառիվայրի ուղղությամբ, բարձրացել են Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջի վրա և գնացել են դեպի Բոլոտնայա հրապարակը: 200 մետր անցնելուց հետո նրանց մոտեցել է մեքենան, որից կրակել են Նեմցովի ուղղությամբ, որից հետո մեքենան անմիջապես հեռացել է», - հավելեց զրուցակիցը: Նեմցովի ուղեկցորդուհին չի տուժել: Իրավապահ մարմիններում համարում են, որ սպանությունը մանրակրկիտ ծրագրավորվել է և այն նախօրոք նախապատրաստվել է: Ներկայումս առգրավվել են տեսախցիկների տեսագրությունները, և այժմ դրանք ուսումնասիրվում են փորձագետների կողմից: Միևնույն ժամանակ Մոսկվայի Գլխավոր քննչական վարչության ղեկավարի օգնական Յուլիա Իվանովան հայտնել է, որ քննությունը ուսումնասիրում է Նեմցովի սպանության բոլոր վարկածները և չի բացառում հանցագործության պատվիրված բնույթը: Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 28-ին՝ ուշ գիշերին: Հանցագործության վայրում հայտնաբերվել է վեց պարկուճ: ՌԴ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ «Սպանություն» և «Զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով: