Բավ է պառակտվել
23-06-2015 16:12

Սա անխուսափելիորեն բերելու էր սոցիալական բողոքի ալիքի բարձրացման. ՀԽ

Ինչպես եւ սպասվում էր` Հայաստանում իշխանությունը բռնությամբ յուրացրած վարչախումբը նորից մերկացրեց իր բռնապետական դեմքը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը: Հայտարարությունում ասվում է.

«Անօրինակելի վատնումներով եւ չարաշահումներով երկիրը սնանկացման եզրին հասցրած ռեժիմը վերջին տարիների իր հիմնական սնուցումն ապահովում էր ապագա սերունդների ուսերին ծանրացող վարկերով եւ արտագաղթող բնակչության դրամական փոխանցումներով: Սակայն վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումների եւ ռեժիմի վարած ապաշնորհ արտաքին քաղաքականության հետեւանքով վերջինս սկսել է զրկվել այդ ավանդական փրկօղակներից եւ ստիպված է առանց այն էլ չքավորության ճիրաններում գտնվող սեփական ժողովրդին կեղեքելու նորանոր միջոցներ գտնել, ինչպես նաեւ զանգվածային թանկացումների ուղին բռնել: Սա անխուսափելիորեն բերելու էր սոցիալական բողոքի ալիքի բարձրացման, ինչի ականատեսն ենք ներկայումս: Նման բողոքի կառավարման միակ ձեւը, որին տիրապետում եւ դիմում է այս համակարգը, զանգվածային բռնություններն են:Արձանագրենք, որ քաղաքացիական պայքարի կամքը կոտրելուն միտված ոստիկանապետության վերջին բռնի գործողություններն իրականում ոչ միայն ավելի են մեծացնելու այդ պայքարի վճռականությամբ տոգորվածների թիվը, այլեւ նպաստելու են մեր ժողովրդի քաղաքական արթնացմանը, ռեժիմի բռնապետական եւ հակամարդկային էության բացահայտմանը եւ քաղաքացիական զանգվածային անհնազանդությամբ նրանից ազատվելու գաղափարի տարածմանը: Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը եւ 100-ամյակը առանց ռեժիմի շարժումը վերահաստատում են իրենց աջակցությունը «Ոչ թալանին» քաղաքացիական շարժմանը եւ պահանջում ոստիկանության բաժանմունքներում բոլոր բերման ենթարկվածներին անհապաղ ազատ արձակել, իսկ նրանց նկատմամբ անօրինական գործողություններ կատարած պաշտոնյաներին օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության: