Բավ է պառակտվել
25-06-2015 13:02

Պայքարը շարունակելու դեպքում հաղթանակը չի ուշանալու. ՀԽ-ի կոչը

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության կոչ է անում մարզերում բնակվող հայությանը շտապել Երևան։ Քաղաքամայր Երևանում մեր լուսավոր երիտասարդության նախաձեռնությամբ ժողովուրդը ոտքի է կանգնել հանուն իր ազգային և մարդկային արժանապատվության: Կեղեքիչ ռեժիմը իր վայրագ բնույթին համապատասխան փորձեց ուժի ու բռնության միջոցով վախեցնել մեր երիտասարդներին, բայց հանդիպեց շատ ավելի հզոր դիմադրության և նահանջեց: Սակայն այդ նահանջը խաբուսիկ է ու ժամանակավոր: Հակառակորդը ժամանակ է շահում իր ուժերը վերադասավորելու և մեզ թուլացնելու ու հակագրոհի անցնելու համար: Երբեք չմոռանանք, որ այս անմարդկային և հակահայ ռեժիմը Մարտի 1-ի ծնունդ է: Նա գնդակահարում է մեր ժողովրդին, ջրցան մեքենայով օդ է շպրտում և ռետինե մահակներով դաժանաբար ծեծի է ենթարկում դեռահաս աղջիկներին: Նման հակառակորդը միայն մեկ լեզու է հասկանում՝ պարտադրանքի լեզուն: Պայքարը շարունակելու դեպքում հաղթանակը չի ուշանալու: Սակայն հակառակորդի դիմադրությունը վերջնականապես կոտրելու համար Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովուրդը կարիք ունի հանրապետության մարզերում բնակվող իր քույրերի և եղբայրների աջակցության:  Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը կոչ է անում հանրապետության բոլոր մարզերում, այդ թվում և առաջին հերթին՝ Արցախի մարզում բնակվող մեր հայրենակիցներին շտապել դեպի Երևան, դեպի համազգային պայքարի կենտրոն դարձած Բաղրամյան պողոտա և միասնական ճնշումով ստիպել կեղեքիչ ռեժիմին ենթարկվելու ժողովրդի կամքին: