Բավ է պառակտվել
27-10-2015 09:42

ՀԿԵ–ն շահագործման հանձնեց պարապուրդի մատնված ջերմաքարշը

«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ–ն 90-ական թվականներից ի վեր առաջին անգամ նորոգել է Հայաստանում պարապուրդի մատնված 14 ջերմաքարշերից մեկը։«Ջերմաքարշն ամբողջությամբ հիմնանորոգվել է։ Ամբողջովին նորոգվել են դիզելային շարժիչը, գեներատորները, մեքենավարի և անձնակազմի հատվածը: Միայն դեպոյի վերակառուցման համար ընկերությունը 5.02 մլրդ դրամի ներդրում է կատարել», – ասաց ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն։ Նրա խոսքով` 43 միավոր նոր սարքավորումներ գնելու համար ծախսվել է 316 մլն դրամ։ «Սարքավորումների առանձին տարրեր առաջին անգամ էին բերվում Հայաստան։ Սա հնարավորություն է տալիս շարժական ճախարակի շահագործումն ու վերանորոգումն իրականացնել ավելի բարձր մակարդակով։ Ամեն ինչ արվել է մեր աշխատակիցների ձեռքերով», – նշեց Վալկոն։ Հայաստանում Ռուսաստանի արտաքին և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն իր հերթին նշեց, որ ՀԿԵ-ն տարեկան մի քանի անգամ նոր օբյեկտների բացման, վերանորոգման, նոր շարժական միջոցների ստեղծման միջոցառումներ է անցկացնում, և դա բարի ավանդույթ է դարձել։ «Այս ամենը ցույց է տալիս, որ ՀԿԵ-ն նորմալ կյանքով է ապրում և շարժվում առաջ։ Հայաստանում մարդիկ ջանասեր են, նրանք ի զորու են ստեղծել այնպիսի բաներ, որ ուրիշներն ի զորու չեն։ ՀԿԵ-ի աշխատակիցները ցուցադրեցին իրենց հմտությունները, աշխատունակությունն ու հնարամտությունը և արդյունքում նոր ջերմաքարշ ստեղծեցին», – նշեց Վոլինկինը։ Ջերմաքարշը շահագործման հանձնելու կապակցությամբ ներկաներին շնորհավորեց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության երկաթուղու վարչության պետ Արսեն Մկրտչյանը։ «Սա նոր ուղենիշ է, նոր փուլ երկաթուղային տրանսպորտի ոլորտի զարգացման մեջ։ Սա հանրապետության երկաթգծի ոլորտում երկաթուղային լավագույն ավանդույթների վերածնունդն է և նոր փուլի խորհրդանիշը։ Սա երաշխավորված աշխատատեղեր է, ինչպես նաև՝ խելացի ներդրումների և դրանց կիրառման ցուցանիշ», – ասաց Մկրտչյանը։ «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի, կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: