Բավ է պառակտվել
11-04-2016 11:29

100 LIVES–ի և «Ավրորա» մրցանակի նախաձեռնողներն արձագանքել են ԼՂ իրադրություններին

100 LIVES և «Ավրորա» մրցանակ-նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը Լեռնային Ղարաբաղի իրադրությանն առնչվող հայտարարություն են տարածել, որտեղ մտահոգություն և ցավ են հայտնել ԼՂՀ սահմանին նախորդ շաբաթվա մարտերի ու դաժանությունների առնչությամբ։
«Նախորդ շաբաթվա մարտերն ու դաժանությունները խիստ մտահոգել են մեզ՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության առումով: Զոհերը մեծ ցավ բերեցին: Սթափեցնող այդ իրադարձությունները ի ցույց են դնում միջազգային հանրությունը համախմբելու և բռնության զոհերին բոլորիս աջակցությունը հայտնելու անհրաժեշտությունը՝ լինեն դրանք Արցախում, թե աշխարհի այլ կետերում»,- ասված է հայտարարությունում։
Հեղինակները նշում են, որ ապրիլի վերջին միջազգային հարյուրավոր առաջնորդներ են ժամանելու Երևան՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և «Ավրորա» մրցանակի միջոցով մեծարելու մերօրյա հումանիստներին, որոնք սեփական կյանքը վտանգելով` փրկում են ուրիշներին։
«Նախորդ շաբաթվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ հիմա, առավել քան երբևէ, կարևոր է ճանաչել և մեծարել այն բացառիկ մարդկանց՝ հերոսներին, որոնք պայքարում են համընդհանուր արժեքների համար և անձնվիրաբար փրկում են մարդկային կյանքեր: Նրանց պատմությունները խավար պահերի լույսի շողերն են և վերահաստատում են, որ բռնությունը ոչ մի դեպքում չի կարող լուծում լինել»- համոզված են հայտարարության հեղինակները։
Նրանք նշում են, որ պատմության ընթացքում հայերը երբեք չեն ընկճվել, նույնիսկ երբ սգում էին իրենց զոհերին:
«Ապրիլի 24-ին միջազգային հանրությունն ականատեսը կլինի վերածնված մի ազգի՝ հպարտ իր անցյալով և հայացքն առ լուսավոր ապագան: Մենք մեծ սիրով սպասում ենք այդ առաջնորդներին Երևանում՝ փառաբանելու «Ավրորա» մրցանակի հավակնորդների բացառիկ ներդրումը մարդասիրության ոլորտում»,- նշված է հայտարարությունում։