21-09-2016 16:04

Գիտնականները վեցերորդ համն են հայտնաբերել

Ընդունված է համարել, որ մարդն ի վիճակի է 5 համ ընկալել` քաղցր, թթու, աղի, դառը եւ ումամի: Ամերիկացիներն առաջարկում են այդ ցուցակին եւս մեկ համ ավելացնել` օսլայի կամ խմորային: Նման համ ունեն այն մթերքները, որոնք բարդ ածխաջրեր են պարունակում`կարտոֆիլը, բրինձը, մակարոնեղենը, հացը:

Բարդ ածխաջրերը թքի ազդեցությամբ ճեղքվում են` շաքարի վերածվելով, այդ պատճառով համարվում էր, որ մարդը դրանց համն ընկալում է որպես քաղցր, սակայն փորձարկումների ընթացքում պարզվել է, որ ածխաջրերն իրենց սեփական համն ունեն: Նույնիսկ լեզվի` քաղցր համն ընկալող ռեցեպտորներն արգելափակող նյութի ազդեցությունից հետո փորձարկվողները զգացել են ածխաջրային լուծույթների առանձնահատուկ համը: Ընդ որում, ասիացիները նշել են, որ այդ համը բրինձ է հիշեցնում, իսկ եվրոպացիներին այն ալրի, հացի կամ մակարոնեղենի համ է հիշեցրել: Հետազոտողները կարծում են, որ այդ համը ճանաչելու կարողությունը ձեւավորվել է էվոլյուցիայի ընթացքում, որովհետեւ բարդ ածխաջրերը մարդու համար շատ կարեւոր են որպես էներգիայի աղբյուր: Սակայն մարդու կողմից ընկալվող համերի ցուցակին օսլայախմորային համ ավելացնելու համար գիտնականները պետք է այն ճանաչող ռեցեպտորներ հայտնաբերեն: