Բավ է պառակտվել
25-10-2016 15:41

Նոր Մոսկվայում սպանված Արմեն Իսրայելյանն ու Էդուարդ Նշանյանը 10 օրով էին մեկնել ՌԴ

Նոր Մոսկվայում սպանված, «Ձկնկուլ» մականունով Արմեն Իսրայելյանը եւ Էդուարդ Նշանյանը Ռուսաստանի Դաշնություն էին մեկնել ընդամենը տասն օրով։ Այս մասին պատմել է Նշանյանի հարազատներից մեկը:

Տեղեկացանք, որ Էդուարդ Նշանյանը արտագնա աշխատանքի մտադրություն երբեք չի ունեցել։ Մեկնելուց առաջ տան անդամներին հայտնել է, որ գործ ունի, տասն օրից վերադառնալու են։ Առաջին հինգ օրերի ընթացքում քույրն ու ընտանիքի անդամները հեռախոսով կապ հաստատել են նրա հետ, որեւէ խնդիր չի եղել։ Սակայն 5-6 օր անց Էդուարդը անարձագանք է թողել հարազատների զանգերը, ինչից հետո քույրն անհանգստացել է եւ որդու հետ մեկնել Նոր Մոսկվա եւ երբ եղբոր նշած հասցեում գտնվող տան դուռը փակ է եղել, քույրը ահազանգել է ոստիկանություն։ Իրավապահների այցից հետո բացվել է բնակարանի դուռը, որտեղ էլ հայտնաբերել են նրանց՝ սպանված վիճակում։

Էդուարդ Նշանյանի հարազատները այլ մանրամասներ չգիտեին, միայն շեշտում էին, որ նա երբեք Ռուսաստանում աշխատելու նպատակ չի ունեցել եւ այս անգամ էլ երկարատեւ ծրագիր չի ունեցել։ Նշենք, որ նա ունի երկու մանկահասակ երեխա՝ մեկ դուստր, մեկ որդի։

Էդուարդ Նշանյանն էլ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցներից է եղել։

«Ձկնկուլ» մականունով Արմեն Իսրայելյանին պատկանող բնակարանի դուռը բացեց բարեկամուհին, ասաց՝ կինը, երեխաների հետ տանը չէ։ Բարեկամուհին նշեց, որ Իսրայելյանը երկու շաբաթ էլ չկա, որ մեկնել էր Ռուսաստան։ Նա էլ ունի երկու որդի, որոնք դպրոցական են։

Նշենք, որ սպանվածները ծնունդով երեւանցիներ են, Ռուսաստանում նրանք մշտական աշխատանք չունեին եւ վարձով բնակվում էին հայի տանը:

Ռուսաստանի քննչական կոմիտեի քաղաքային վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովայի տեղեկացմամբ, հարուցվել է քրեական գործ՝ երկու կամ ավելի անձի սպանության համար (Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մաս):

Իվանովայի խոսքով՝ քննիչները դեպքի վայրում հարցաքննում են հարեւաններին եւ ականատեսներին, պարզում են սպանության շարժառիթներն ու վերականգնում միջադեպի պատկերը: