Բավ է պառակտվել
19-12-2014 13:31

Բողոքի ակցիա Կառավարության մոտ

Այսօր Կառավարության մոտ մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել են՝ հայտնելու իրենց բողոքը դրամի արժեզրկման և թանկացումների դեմ: Նրանք այսօր վեց կետից բաղկացած պահանջ են ներկայացնելու կառավարությանը, որոնց կատարման վերջնաժամկետ են սահմանելու դեկտեմբերի 23-ը։ «Մինչդեռ դեկտեմբերի 23-ը եթե չկատարվեն մեր պահանջները, բոյկոտելու ենք օլիգարխների սուպերմարկետները, գնումներ չենք անելու»,- լրագրողներին ասաց նախաձեռնության անդամ Հայկ Գրիգորյանը։ Կառավարությանը ներկայացվող պահանջներից են առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները մինչճգնաժամային մակարդակի բերելը, գազալցակայաններում գազի գնի իջեցումը, որը չկատարելու դեպքում երթուղային և տաքսի վարորդների հետ համագործակցությամբ կկազմակերպվեն գործադուլներ, քաղաքացիների դոլարային վարկերի վերահաշվարկը, որը չկատարելու դեպքում նախաձեռնությունը կոչ կանի բոլոր դոլարային վարկառուներին չկատարել վարկային վճարումները, ինչպես նաեւ շուկայի ազատականացումը՝ վերացնելով բոլոր տեսակի մենաշնորհները, ՀՀ-ից ՌԴ դոլարի և ՌԴ-ից ՀՀ ռուբլու սպեկուլյատիվ ելքերը ու մուտքերն արգելելը, ԵՏՄ-ին միանալու գործընթացի դադարեցումը։ Նախաձեռնության անդամների խոսքով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ստուգայցերը սուպերմարկետներ իրենց չեն համոզել, քանի որ դրանից հետո ոչինչ չի փոխվել, ու չնայած վարչապետը հայտարարեց, որ թանկացումներն անհիմն են, ու մեղավորները կպատժվեն, գները չեն նվազել։ Ակցիայի նախաձեռնողների տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ներկայացված պահանջները չիրականացնելու դեպքում առաջանալու է սոցիալական պայթյուն, որի հետևանքները անկանխատեսելի են լինելու ռեժիմի համար։