Բավ է պառակտվել
16-05-2015 08:41

Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպի 2-րդ տուժողը քթի վնասվածք է ստացել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ օբյեկտիվ իրականությունը պարզելու ուղղությամբ: Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախաքննության ընթացքում, ի թիվս այլ անձանց, մայիսի 14-15-ին լրացուցիչ հարցաքննվել է Մուշեղ Զաքարյանը, ով հայտնել է, որ մարմնական վնասվածքներն ստացել է մայիսի 2-ին տեղի ունեցած նշված միջադեպի ժամանակ։ Վարույթն իրականացնող մարմնին տրամադրված նախնական բժշկական տեղեկանքի համաձայն՝ Մ.Զաքարյանի մոտ ախտորոշվել է քթի միջնապատի և քթոսկրի կոտրվածքներ։ Մ.Զաքարյանը ճանաչվել է տուժող և մանրամասն ցուցմունք տվել՝ իրեն մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքների վերաբերյալ։ Ըստ աղբյուրի, նախաքննական մարմինը շարունակում է ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ միջադեպին մասնակից անձանց իրական շրջանակը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Տեղեկացնում են, որ քննության արդյունքներով կայացված դատավարական որոշումների մասին հանրությունը կիրազեկվի։ Տուժող ճանաչված 2 անձանց՝ Զաքարյան եղբայրներին, պատճառված մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքում։