Հայաստանն ունի սպառազինության տեսակներ, որոնց դեմ անզոր են «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության իսրայելական համակարգերը, ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը` մեկնաբանելով իսրայելական ԶԼՄ–ներում տարածված հաղորդագրությունները, որոնք հաստատում են Ադրբեջանի կողմից այդ համակարգերի գնման փաստը։
Փորձագետի խոսքով, հայկական կողմին ավելի շատ մոտահոգում է Ադրբեջանի կողմից հարձակողական զենքի գնումը։
«Ամեն դեպքում, Հայաստանն ունի սպառազինության տեսակներ, որոնց դեմ «Երկաթե գմբեթներն» անարդյունավետ են։ Հայկական կողմը պահպանում է Ադրբեջանի ցանկացած կետին հարված հասցնելու ներուժը», – նշեց Մելիք–Շահնազարյանը։
Իսրայելական ԶԼՄ–ների հաղորդմամբ, Ադրբեջանն ու Իսրայելը պատրաստում են զենքի մատակարարման համաձայնագիր, որի արժեքը միլիարդներ է գնահատվում։ Համաձայնագրով նախատեսվում է, որ Իսրայելն Ադրբեջանին կմատակարարի ժամանակակից սպառազինություն, անօդաչու սարքեր, հակահրթիռային պաշտպանության համակարգեր և այլն։