Բավ է պառակտվել
02-05-2014 13:40

Տյումենում հարգանքի տուրք են մատուցել գազանաբար սպանված Նունե Սարգսյանի հիշատակին

Ռուսաստանի Տյումեն քաղաքում մայիսի 1-ին հարգանքի տուրք են մատուցել գազանաբար սպանված, 3 երեխաների մայր, 26-ամյա Նունե Սարգսյանի հիշատակին: Հիշեցնենք, որ դաժան սպանությունը ապրիլի 21-ին էր պատահել, երբ կնոջն իր իսկ բնակարանում սպանել էր պիցցայի առաքիչը:

Քաղաքի կենտրոնում` միասին գերեզմանոց գնալու նպատակով հավաքվել են ոչ միայն սպանվածի ծանոթները, այլ բազմաթիվ տյումենցիներ, որոնք ծանոթ չէին Նունեին: Պարզվել է` նրանցից շատերն անգամ չեն էլ հանդիպել կնոջը: Այդ մարդիկ կատարվածի մասին ինտերնետից են իմացել: Նույն կերպ էլ տեղեկություն են ստացել, որ կարելի է հավաքվել ու միասին գերեզմանոց գնալ: Հանդիպման վայր ժամանածների ձեռքին ծաղիկներ են եղել:

Հիշեցնենք` տյումենցիներին ցնցած սպանությունը նախորդ շաբաթ էր տեղի ունեցել: Նունե Սարգսյանը, որ այդ չարաբաստիկ օրն իր ծննդյան տարեդարձն էր նշում, պիցցա էր պատվիրել: Առաքման ծառայության 22-ամյա աշխատակիցը տեղ էր հասցրել կնոջ պատվերը, ապա դանակի սպառնալիքով նրա ողջ արժեքավոր ունեցվածքը պահանջել: Ոսկե մատանիներ եւ գումար վերցնելուց հետո չարագործը դանակի առնվազն 40 հարված էր հասցրել զոհի որովային, կրծքավանդակին եւ պարանոցին: Ստացված վերքերից Նունեն տեղում մահացել էր: