20-01-2014 14:03

Գրանցված 29 000 աբորտից մոտ 1500-ը պայմանավորված են սեռով. Գ. Հայրապետյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գագիկ Հայրապետյանը նշեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում ծնվում է 114 տղա՝ 100 աղջկա համեմատ, ինչը փաստում է Հայաստանում առկա սեռով պայմանավորված ընտրովի վերաբերմունք երեխայի ծննդին: «Այս երևույթն արդեն կա մոտ 20 տարի և տղա ունենալու ցանկությունը վեց անգամ շատ է»,- ասաց բանախոսը, ավելացնելով, որ իրենց գրասենյակը 2011 թվականին նախաձեռնել է առաջին հետազոտությունը, որպեսզի հասկանա, թե ինչու է վիճակն այդպիսին:
Տղային աղջկանից առավել նախապատվություն տալը, ըստ նրա, առաջին հերթին պայմանավորված է ընտանիքի անվան շարունակությամբ, երկրորդը՝ ունեցվածքի փոխանցման հարցն է, և երրորդ՝ առավել մեծ տարիքում ֆինանսական երաշխավոր լինելը:
Ըստ բանախոսի, իրականում աղջկա նկատմամբ խտրականությունը մինչև ծնվելն է. երբ աղջիկը ծնվում է, դրանից հետո այդ խտրականությունը վերանում է:
«Հայաստանում այս խնդիրը նման է կապրիզի, որ տղայից տղա պետք է ծնվի»,-ասաց Գագիկ Հայրապետյանը, ընդգծելով, թե պատճառներից ամենախորքայինը, թերևս կնոջ դերն է մեր հասարակությունում:
Անդրադառնալով սելեկտիվ աբորտների խնդրին, բանախոսն ասաց, որ եթե Հայաստանում շարունակվեն ապագա երեխայի սեռը կանխորոշող (սելեկտիվ) աբորտները, ապա մինչև 2060 թվականը 93 000 մայր չի ծնվի:
«Աբորտի հետևանքով այստեղ տարածված է երկրորդային անպտղությունը»,-տեղեկացրեց Գագիկ Հայրապետյանը, ավելացնելով, որ 2010 թվականի տվյալով Հայաստանում տարեկան գրանցվում է մոտ 29 000 աբորտ, սակայն կա «սայտոտեկ» դեղամիջոցը, որը նպաստում է վիժմանը, ինչից էլ Հայաստանի ազգաբնակչությունը բավական շատ է օգտվում:
Գագիկ Հայրապետյանի հավաստմաբ, գրանցված 29 000 աբորտից մոտ 1500-ն է պայմանավորված սեռով: Իրականում, ըստ նրա, շատ դժվար է ապացուցել, թե ինչի համար է արվել աբորտը: «Սակայն այն, որ պետք է սահմանափակումներ մտցնել, դա հաստատ է»,-ասաց նա, նշելով, թե Հայաստանում սեռով պայմանավորված աբորտները քրեականացնելը կարող է բերել կոռուպցիոն ռիսկերի աճի: