13-05-2014 12:15

Թուրքիայում հայկական թաղամասերը կդառնան զբոսաշրջության վայրեր. Ակօս

՛՛Ակօսը՛՛ գրում է. Վանում Աղթամար եկեղեցու վերակառուցումից հետո տեղի ունեցած «զբոսաշրջային պայթյունն» Անատոլիայի տարբեր շրջանների ղեկավարների հայացքները դեպի պատմական եկեղեցիները սևեռեց։ Տարբեր քաղաքներում բազմաթիվ եկեղեցիների վերակառուցման աշխատանքները շարունակվում են:

Եկեղեցիներից բացի վերակառուցվում են նաև «պատմական թաղամասերը»։ Ցեղասպանությունից առաջ հայերով և հույներով բնակեցված թաղամասերը որպես «քաղաքի պատմական շրջաններ» սպասում են իրենց այցելու զբոսաշրջիկներին։

Այնթապի Բեյ թաղամասը վերակառուցման ենթարկված թաղամասերից մեկն է։ Շինարարական աշխատանքներն այստեղ շարունակվում են մոտ 6 տարի։ 2007թ.-ին սկսված աշխատանքների ընթացքում քաղաքապետարանը գնել և վերակառուցել է բազմաթիվ շինություններ։ Դրանցից շատերը վերակառուցումից հետո դարձել են «Աթաթուրքի տունը», «Խաղալիքների թանգարան» և այլն։ Իսկ շատ շինություններ վերածվել են հյուրանոցի, ռեստորանի, սրճարանի։

Քաղաքապետարանը նշում է, որ երկու եկեղեցիների վերակառուցման աշխատանքներն ավարտվել են, իսկ երրորդի վերակառուցումն ընթացքի մեջ է։ Թաղամասում ավարտվել է նաև 200 տների վերակառուցումը։

Իսկ մնացած մասերը վաճառքի են հանվել։ Տարբեր ընկերություններ շարունակում են թաղամասը քանդելու աշխատանքները. նոր հյուրանոցներ ու սրճարաններ են ավելանալու քաղաքում։

Նախկին քաղաքապետ Ասըմ Գյուզելբեյը վերակառուցումից հետո թաղամասն այսպես է բնութագրում. «Բեյ թաղամասը թե՛ Այնթապի պաշտպանությանն է ականատես եղել, թե՛ այն շրջանն է, որտեղ գրանցված է Աթաթուրքը»։ Իսկ տները որպես Այնթապի հին տներ են ներկայացվում. հայերի ներկայության մասին այստեղ չի հիշատակվում։ «Բեյ թաղամասը 1915թ.-ից առաջ հիմնականում հայաբնակ էր։ Հայերի՝ Այնթապում բնակություն հաստատելը 5-րդ դարով է թվագրվում։ 1911թ.-ին 80 հազար բնակիչ ունեցող շրջանում 36 հազար հայ կար։

Այնթապի հայերը 25 կրթական հաստատություն ունեին այստեղ։ Հայ կավագործների, ջուլհակների, կաշեգործների համբավը ոչ միայն Այնթապում, այլև Ուրֆայում, Մարաշում, Ադըյամանում և հարակից այլ շրջաններում էր հայտնի դարձել։ Ցեղասպանությունից հետո ողջ մնացած 18 հազար հայ բնակիչ 1922թ.-ից հետո ամբողջությամբ լքեց Այնթապը։

Արվեստների ֆակուլտետի պրոֆեսոր Եվա Շարլաքը մեկնաբանել է Անատոլիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցող վերակառուցման աշխատանքները։
«Կարևոր է, որ վերակառուցումն ու վերակառուցված շինություններն իրենց ինքնությանը վերադարձվեն։ Դրա մասին պետք է մտածենք։ Երբ ուսումնասիրում ենք վերակառուցման աշխատանքները, տեսնում ենք, որ այս տարածքներում գտնվող բոլոր մշակույթները կարևոր և խնդրահարույց են։ Դրանք պետք է պաշտպանության տակ առնվեն»,- ասել է նա։