Բավ է պառակտվել
18-03-2014 14:06

«Շատ եմ ցավում, անիծում եմ, ներողություն եմ խնդրում». թուրք մտավորականները համերկարցիներին անցյալին առերեսվելու կոչ են անում

Թուրքիայում ևս պատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Թուրքիայում կազմակերպվել է «2015թ.-ից մեկ պակաս. Մեր ներկան ու ապագան» խորագրով համաժողով, որի կազմակերպիչները համերկարցիներին անցյալին առերեսվելու կոչ են արել, տեղեկացնում է Demokrat Haber կայքը: Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել քուրդ լրագրող Սեդաթ Յըլմազը։ Վերջինս պատասխանելով մարդինցի մի հայի հարցին, հուզված ասել է. «Մեր պապերից լսել ենք, որ 7 հայի սպանողը դրախտ է ընկնում։ 6 հայ սպանողն այդ ժամանակ 7-րդ-ին էր փնտրում։ Շատ եմ ցավում, անիծում եմ, ներողություն եմ խնդրում»։
Համաժողովը բաղկացած է եղել երեք մասից. առաջինի ընթացքում կանայք խոսել են ցեղասպանությունից տուժած կանանց մասին, երկրորդ մասում ելույթ են ունեցել իրավաբանները, իսկ երրորդում՝ լրագրողները։
Համաժողովին մասնակից լրագրողներից Մեհմեթ Գյոջեքլին անդրադարձել է Ցեղասպանության վերաբերյալ մեդիայում կիրառվող լեզվին։
Նա բերել է Օրհան Փամուքի մասին լուրերի օրինակները, որտեղ գրողը նշում է, որ 1.5 մլն մարդ է սպանվել, իսկ մեդիան փորձում է վիճարկել այդ թիվը։
«Հաճախ վիճում են թվի շուրջ։ Համարենք՝ ես էլ եմ ասում, որ Օրհան Փամուքը ստում է, և 1.5 մլն հայ չի սպանվել։ Ասենք՝ սպանվել է 1.500 հայ։ Իրենց բնօրրանից բնաջնջվել է 1.500 հոգանոց ազգ։ Ուրեմն չպե՞տք է ամաչեք, որ այս հողերում 1.500 բնիկ է ոչնչացվել։ Նրանց ժառանգներին ասելու ոչինչ չպե՞տք է ունենանք։ Մինչև ե՞րբ պետք է այնպես ապրենք, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Թիվը վիճարկողներին եմ հարցնում՝ 1915թ.-ին 1.500 հայերի ի՞նչ է պատահել»,-ասել է նա։
Տեղեկացնենք, որ նախաձեռնության հեղինակները մի խումբ մտավորականներ, գրողներ ու լրագրողներ են։