Բավ է պառակտվել
22-04-2014 13:51

Թուրքիան պիտի ճանաչի Ցեղասպանությունը և կրի Եղեռնի ողջ պատասխանատվությունը. Մեջլիսի անդամներ

Եվրոպայի Խաղաղության Դեմոկրատական Մեջլիսի (ABDEM) մի խումբ անդամներ, որոնք համարվում են թուրքական սփյուռքի ներկայացուցիչներ, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ իրենք ապրիլի 24-ին կայցելեն Ցեղասպանության հուշահամալիր և հայտարարությամբ հանդես կգան՝ պահանջելով Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը և կրել Եղեռնի ողջ պատասխանատվությունը։

Կազմակերպության անդամ, ազգությամբ քուրդ, Ֆրանսիայի քաղաքացի Րոժդա Յիլդիրիմը նշեց, որ իրենք Մեջլիսի անդամ լինելով՝ Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդին քաջալերելու համար են Հայաստանում: ՛՛Մեր այցելության նպատակը Հայոց ցեղասպանության օրն է, ցեղասպանություն ապրած բոլոր ժողովուրդները մեզ համար կարևոր են, մենք ուզում ենք, որ Հայոց ցեղասպանության իրողությունն ամեն տեղ ասվի և ամեն տեղ ճանաչվի՛՛,-ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ իրենք ուզում են, որ Թուրքիան իր պատմության հետ առերեսվի և ճանաչի իր արածները, իսկ եթե դա չլինի, Թուրքիայում դեմոկրատիա չի լինի, և թուրք ժողովուրդը պետք է առերեսվի այդ ոճրի հետ:

Անդրադառնալով իրենց կազմակերպությանը՝ նա նշեց, որ այն հիմնադրվել է Եվրոպայում և կապ չունի թուրք կառավարության հետ:
՛՛Մենք 2013թ-ին ենք ստեղծվել, մենք ուզում ենք, որ Թուրքիայում խաղաղություն և դեմոկրատիա լինի՛՛,-ասաց նա՝ ընդգծելով, որ իրենք չեն պատկերացնում Թուրքիայի դեմոկրատիան առանց Հայոց ցեղասպանության ճանաչման:

Նշենք, որ Մեջլիսի բոլոր անդամները թուրքական արմատներ ունեն և գաղթել են Եվրոպա:

Ազգությամբ թուրք և Թուրքիայի քաղաքացի Ալիէքբաֆ Փեկթաշը նույնպես նշեց, որ ուրախ է Հայաստանում գտնվելու առթիվ:՛՛ Մենք այսօր ալևիների ձայնն այստեղ բերելու համար ենք եկել, քանի որ Թուրքիայի մեկ երրորդը ալևի է»,-ասաց նա:

Իսկ հարցին, թե ինչպես է թուրք գործիչը պատկերացնում Հայոց ցեղասպանության հատուցման գործընթացը, պատասխանեց. ՛՛Թուրքիայի Հանրապետությունը պետք է ներողություն խնդրի, հայերն ինչ ուզում են, Թուրքիան պետք է կատարի, մենք կողմ ենք հայերի պահանջներին՛՛: