Բավ է պառակտվել
24-04-2014 11:37

Մենք կոչ ենք անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ԱՄՆ կոնգրեսական

Մենք այստեղ ենք ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար: Այդ մասին այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը, որի ղեկավարությամբ պատվիրակությունը արդեն մի քանի օր է` Հայաստանում է:

Ռոյսի փոխանցմամբ, եթե ճիշտ գնահատական չտրվի 1915 թվականի դեպքերին, ապա ապագայում ճիշտ քայլեր ակնկալել չի կարելի:

՛՛Մենք կարևոր ենք համարում Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի վերաբերյալ գնահատական հայտնելը: Դա նախորդ դարի առաջին ցեղասպանությունն էր, երբ Հիտլերը ծրագրում էր իր ցեղասպանությունը, նա հիմնվում էր հենց հայերի բնաջնջման փաստի վրա՛՛, -նկատեց Ռոյսը:

ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակության անդամ Էլլիոթ Լանս Էնգելն իր հերթին հայտնեց, որ Հայաստանում է` համերաշխության ձայն բարձրացնելու համար:

՛՛Մենք մեր համերաշխության ձայնն ենք բարձրացնում` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Մենք կոչ ենք անում Թուրքիային, որ անմիջապես ճանաչի այն՛՛, -նշեց Էնգելը:

Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:

Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: