Բավ է պառակտվել
06-06-2014 14:30

Առաջին իսկ օրվանից Թուրքիան բազմաթիվ ահաբեկիչներ է մտցրել Սիրիա. ականատես

Հայաստան է այցելել ազգագրագետ, քեսաբահայ Հակոբ Չոլաքյանը, նա իր աչքով է տեսել այն գործողությունները, որոնք տեղի են ունեցել Քեսաբում:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ Սիրիայի մերօրյա տագնապի մեջ երևան եկան այնպիսի ուժեր, որոնք ոչ միայն սպառնալիք դարձան Սիրիային, այլև մասնավորապես հայ զանգվածին:

Ըստ Հակոբ Չոլաքյանի, առաջին իսկ օրից Թուրքիան բազմաթիվ ահաբեկիչներ է իր տարածքից մտցրել Սիրիա:

«Սիրիահայությունը օրինապահ քաղաքացին էր Սիրիա պետության և բարեկամն էր արաբ ժողովրդի: Այդ բարեկամությունը գալիս է դարերի խորքից»,- նկատեց նա և հավելեց, որ այն թաղամասերը, ուր հայերը գործարարներ էին և ունեին իրենց հարստությունը, դատարկվեցին, մարդիկ տեղափոխվեցին կենտրոն, արտասահման կամ Հայաստան:

Այժմ Հալեպի թաղամասերից Նոր գյուղում, Սուլեմանիեում, Վիլաների թաղամասում և Ազիզիեում են մնացել հայեր. «Դպրոցները, եկեղեցիները, հաստատությունները կործանվեցին: Իսկ վերջին լարվածությունն էլ հաջորդեց Քեսաբի իրադարձություններին: Քեսաբի շրջանի 11 գյուղերն ու կենտրոնական ավանն ամբողջությամբ հայաթափվեցին: Շուրջ 2000 հայություն, որ Սիրիայի մյուս հատվածներից էին եկել այստեղ պատերազմի ընթացքում, դարձյալ գաղթականության ճանապարհը բռնեցին ու տեղափոխվեցին հարավ` ավելի ապահով շրջաններ»:

Քեսաբի այս դեպքերից հետո Հալեպի հայ գաղութի վրա հարվածներն ավելի սաստկացան, տեղեկացրեց Հակոբ  Չոլաքյանը:

«Ամենից վտանգավոր այս պահին այն է, որ լռում ենք և չենք բարձրաձայնում նրանց վիճակի մասին: Սիրիահայ գաղութը, որ Մայր գաղութ է, որի սիրտը Հալեպն է, անցնող տարիների մեծ կրթական, ազգային սնունդ է մատակարարել ողջ սփյուռքին: Այսօր այդ ամենը մոխրակույտի են վերածվում: Սա սարսափելի երևույթ է»,- ասաց նա:

Ազգագրագետը նկատեց, որ հայության` Հալեպից զանգվածային տեղահանում չի կատարվում, բայց ամեն օր փախստականներ կան, որ հեռանում են:

«Ժողովրդի մեծ մասը տակավին կառչած է իր տնից: Ասում են՝ լավ կլինի, կանցնի: Տեղափոխվոււմ էին ուրիշ թաղամաս, սպասելով, որ ավարտվի մղձավանջը: Բայց ավելի է սաստկանում: Այնտեղ էլ ասում են, որ միակ փրկությունը հայրենիքն է, բոլոր ճանապարհները Երևան են տանում: Բայց երբ գալիս է շարժվելու պահը, մարդիկ տատանվում են: Սրբություններ կան, որ թողնելը փոքրիկ հարց չէ: Այդ անհատներն են, որ միասնաբար ստեղծել են ու երդվել այդ հաստատությունները պահել»,- ասաց նա: