Բավ է պառակտվել
19-04-2014 14:09

Թուրքերը բարձր կարծիք ունեն հայերի մասին. Տիրան Լոքմագյոզյան

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ՛՛Ակօս՛՛ թերթի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանի նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ պետության կողմից իրականացվող ծրագրերն ավելի շատ նման են պարտականության և դրա անվան տակ բյուջեից գումարներ կորզելուն: Ըստ նրա, իրականում Թուրքիան ավելի բարձր կարծիք ունենալով հայերի մասին, ավելի լրջորեն է պատրաստվում:

՛՛Մենք խնդիր ունենք կազմակերպված լինելու: Ունենք տարբեր կառույցներ՝ Ցեղասպանության թանգարանը, Երևանի պետական համալսարանը, Գիտությունների ազգային ակադեմիան, որոնք բոլորն էլ էս ուղղությամբ աշխատանքներ տանում են, բայց նրանց կոորդինացնող մի կառույց չկա, պետությունը հստակ ռազմավարություն չունի: Պետական այրերը այսօր հստակ պատկերացում ու քաղաքականություն չունեն Ցեղասպանության հարցի հետ կապված: Երեք նախագահ ենք ունեցել, երեքն էլ տարբեր դիրքորոշում են հայտնել Ցեղասպանության հարցի շուրջ, իսկ թուրքերը հակառակը՛՛,- ասաց նա ու հավելեց, որ աշխարհում կան օտար արխիվներ, որոնք ուսումնասիրված չեն, դրանք պետք է ուսումնասիրել և հնարավոր է արժեքավոր փաստեր գտնվեն: ՛՛Բայց մենք մեր ազգային արխիվը ամբողջությամբ չենք ուսումնասիրել, միայն վերջերս որոշ ուսումնասիրությունների մասին գրքեր հրատարակվեցին, բայց դա քիչ է՛՛,- նշեց նա:

՛՛Մենք կոչ ենք անում ունենալ սեղանին նոր հայեցակարգային մոտեցումներ, և դրանցից մեկը իրավական խողովակներով առաջ շարժվելն է: Քաղաքական ճանապարհով պետություններին կոչ անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ խնդրին լուծում չի բերում, քանի որ ցանկացած երկիր առաջնորդվում է իր երկրի շահերից: Ցանկացած հանցագործություն իր պատիժը ստանում է դատարանում՛՛,- ասաց նա ու նշեց, որ միջազգային դատարան դիմելիս պետք է դիմել միջազգային հանրության օգնությանը՝ միջազգային ցեղասպանագետներին, իրավաբաններին և այլն: