Բավ է պառակտվել
16-04-2014 16:03

Հարաբերությունները պիտի կարգավորեն միայն Հայաստանն ու Թուրքիան. թուրք հոդվածագրի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը

Թուրքական T24 կայքում թուրք հոդվածագիր Մուրադ Աքսոյը գրել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև 2009-ին ստորագրված Արձանագրություններն անտեսանելի նախապայմանների ի հայտ գալուց հետո կտրուկ տեսք ստացան՝ Հայաստանի՝ Ցեղասպանության, իսկ Թուրքիայի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ունեցած զգայունության ազդեցության ներքո:

՛՛Երկու երկրներն էլ ինքնակամ ընտրեցին Արձանագրությունների սառեցումը։ Սակայն Թուրքիայի՝ 1915թ.-ին առերեսվելն անխուսափելի է:1915թ.-ին տեղի ունեցած տեղահանությունը պատմության մեջ մնացել է որպես մարդկային ողբերգություն։ Այդ ողբերգության հետքերն ակնհայտորեն տեսնում ենք Հայաստանի թանգարանում՛՛,- գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ տեղի ունեցածը ոչ միայն հազարավոր անմեղ մարդկանց սպանություն է, այլ համակարգված ոչնչացում։

Ըստ Մուրադ Աքսոյի, որքան էլ Թուրքիան փորձի խուսափել 1915թ.-ի դեպքերին առերեսվելուց, պետությանը նման քայլի կոչ անողների թիվն աճում է։
՛՛Թուրքիայի ներքին քաղաքականության այս տարվա թեժությունն ամեն տարի ապրիլին օրակարգ եկող Հայոց ցեղասպանության թեման երկրորդ պլան էր նետել, և մինչ ապրիլի կեսն ամեն ինչ հանդարտ էր։ Մինչ ուրբաթ երեկոյան ԱՄՆ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց՝ ձայների 12 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ։ Սակայն բանաձևը մինչ ապրիլի 29-ի օրակարգ չմտավ, և այդպիսով՝ վտանգներից մեկը շրջանցվեց՛՛,- գրել է նա։
Հոդվածագիրը նկատում է, որ արդեն սովորություն է դարձել, որ ամեն ապրիլին ԱՄՆ-ի և արևմտյան երկրների կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օր հռչակելու նախաձեռնությունների դեմ Թուրքիան տարբեր միջոցառումներ կձեռնարկի, և ՛՛ևս մեկ անփորձանք տարի՛՛ անցկացնելը հաջողություն կորակի։
՛՛Շատերն աչքերը կհառեն ԱՄՆ նախագահին և Ապրիլի 24-ի ելույթում ՛՛ցեղասպանությո՞ւն՛՛, թե՞ ՛՛մեծ եղեռն՛՛ ասելուն կսպասեն։ Եթե նախագահը ՛՛ցեղասպանություն՛՛ եզրույթը չօգտագործի, կմտածեն՝ այս անգամ էլ ՛՛լավ պրծանք՛՛: 1915թ.-ի և դրանից հետո տեղի ունեցած ցավալի շրջանի հետքերը երկու ազգերի՝ թուրքերի և հայերի սրտերից կարող են բուժել միայն Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդները։ Երկու երկրներից բացի, երրորդ երկրների ընդունած որևէ որոշում այդ ցավը բուժելուն չի բավականացնի:։
Երրորդ երկրների անելիք և մինչ այժմ էլ արած իրական քայլն այդ թեման իրենց ազգային շահերին համապատասխան՝ ընդդեմ Թուրքիայի գործածելն է։ Եթե հարաբերությունները լավ են, այդ հարցը ձգձգվել է, իսկ վատանալու դեպքում՝ հարցն առևտրի է վերածվել, բայց լուծումը երկու երկրների ձեռքում է՛՛: