Բավ է պառակտվել
02-08-2016 12:34

Տուրիզմը կտուժի ՊՊԾ գնդի իրադարձությունների պատճառով. մասնագետ

Տուրիզմը կտուժի Երևանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով. «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո երկրում ստեղծված տնտեսական մարտահրավերների մասին խոսելիս նման կանխատեսում արեց տնտեսագետ Գագիկ Մակարյանը։

Նա նշեց, որ Հայաստանը վերջին շրջանում բարձր վարկանիշ ուներ՝ կապված Հռոմի պապի այցի, Ցեղասպանության ճանաչման հետ, սակայն հիմա, երբ վերջին իրադարձություններին «ահաբեկչություն» բնորոշումն է տրվում, զբոսաշրջության զարգացման համար խնդիր է առաջանում. Հայաստանն արդեն անվտանգ երկիր չի համարվում զբոսաշրջիկի համար։

Խոսելով օտարերկրյա ներդրումների մասին՝ Գագիկ Մակարյանը նկատեց, որ օրինակ, էներգետիկայի ոլորտում եղած ներդրումային պայմանավորվածությունները չեն չեղարկվում։ Նշեց, որ օտարերկրյա ներդրումների վրա իրադարձությունները մեծ ազդեցություն չեն ունենա։

Ըստ Գագիկ Մակարյանի՝ Ռուսաստանի հայերի նախկին տրամադրությունները, նրանց ներդրումային ծրագրերը փոփոխությունների չեն ենթարկվի, քանի որ նրանք ծանոթ են երկրում կատարվող դեպքերին։

Տնտեսագետը նաև նշեց, որ սփյուռքահայերի հոսքը Հայաստան չի պակասի, գուցե դեռ ավելանա. գան և տեղում ծանոթանան իրավիճակին։

«Միգրացիան կխթանվի»,- ասաց Գագիկ Մակարյանը՝ նշելով, որ հասարակության մի ստվար հատված հիասթափված կլքի երկիրը, և դա ևս տնտեսական խնդիրներ կառաջացնի։

Տնտեսագետը նշեց, որ տեղական արտադրողները այս իրադարձություններից հետո գուցե առավել քիչ գումար կծախսեն՝ հաշվի առնելով ռիսկերը։

Ամփոփելով իր խոսքը տնտեսագետը հիշեցրեց, որ իր կանխատեսումներով՝ սպասվում էր մոտ 4-5 տոկոս տնտեսական աճ։ Նշեց, որ վերջին իրադարձությունների ֆոնին գուցե իր կանխատեսումները փոփոխություններ ապրեն, բայց ի վերջո կբալանսավորվի, կկանգնի 2 տոկոսի վրա։

«Կայուն աճի կանխատեսում կա։ Հիմա էլ դեռ դա նկատելի է, սակայն սա նաև կախված է նրա հետ, թե ինչպես իրենց կպահեն իշխանություններն այս իրադարձություններից հետո, ինչպես կվարվեն ձերբակալված անձանց հետ»,- ասաց նա։