Բավ է պառակտվել
11-04-2015 12:29

Թուրքական 6 ամսագիր անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային

«Ակօս» շաբաթաթերթը հավաքել է բոլոր այն թուրքական ամսագրերը, որոնք իրենց ապրիլյան համարներում անդրադարձել են Հայոց ցեղասպանության և ընդհանրապես հայերի հետ կապված թեմաներին: Աղբյուրը 6 ամսագիր է առանձնացրել, որոնք ներկայացրել են Հայկական հարցը:  Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, թուրքական #թարիհ (#tarih), «Էվրենսել Քյուլթյուր» (Evrensel Kültür) ամսագրերում Մեծ եղեռնը ոչ միայն ներկայացվում էր որպես ցեղասպանություն, այլ թուրքական պետության ժխտողականությունը քննադատող անդրադարձեր կային: Հայկական հարցին իրենց էջերում տեղ են հատկացրել նաև «Հասարակություն և գիտություն» (Toplum ve Bilim), «Բիրիքիմ» (Birikim), «Մեսելե» (Mesele), «Ատլաս» (Atlas) ամսագրերը: «Հասարակություն և գիտություն» (Toplum ve Bilim) ամսագիրը Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված հատուկ համար է լույս ընծայել: Համարի գլխավոր հոդվածը վերնագրված է՝ «1915-2015. Ցեղասպանություն/առերեսում/պատասխանատվություն»: Հատուկ անդրադարձ է կատարվում նաև Ցեղասպանության հետևանքով որբացած երեխաներին, այլ թեմաների: «Բիրիքիմ» (Birikim) ամսագիրը Հայոց ցեղասպանության թեմային զգալի տեղ է հատկացրել՝ թեման ներկայացնելով նաև ամսագրի շապիկին: Ահմեթ Ինսելի հեղինակած հոդվածը վերնագրված է «Քաղաքակրթվելու համար անհրաժեշտ է առերեսվել ցեղասպանության հետ»:  «Մեսելե» (Mesele) ամսագրի էջերում տեղ է գտել «Ակօսի» գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանի՝ «Ժխտողականությանն արդեն պետք է վերջ տալ» և Դողան Չեթինքայայի «Ցեղասպանության հասարակական բնույթը» հոդվածները:   «Ատլաս»-ը (Atlas) հոդվածով է անդրադարձել հայկական թեմային: «Թուրքիայի հայերը» հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Ցեղասպանության հարցին:  Նշենք, որ միևնույն ժամանակ մի շարք ազգայնական կողմնորոշում ունեցող թուրքական աղբյուրներ շարունակում են Ցեղասպանությունը ժխտող անդրադարձներ հրապարակել: