Բավ է պառակտվել
27-04-2017 13:31

Մոտ ժամանակներս ՀՀ-ում ավիատոմսերի գները կնվազեն. ՔԱԳՎ

Մոտ ժամանակներս Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի ավիատոմսերի արժեքի նվազմանը և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, այս մասին հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (ՔԱԳՎ) Սերգեյ Ավետիսյանը:
Հինգշաբթի օրը Երևանում մեկնարկել է Եվրամիության և Հայաստանի միջև համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը:
«Չեմ կարող հստակ ժամկետներ նշել, թե երբ համաձայնագիրը կվավերացվի, բայց հույս ունենք, որ դա հնարավորինս արագ ձևով կարվի: Դա կհանգեցնի ոլորտում մրցակցության աճին, ինչն էլ իր հերթին պայմաններ կստեղծի աշխարհագրական դիվերսիֆիկացման, ավիատոմսերի գների անկման և ավիափոխադրողների սպասարկման որակի բարձրացման համար»,- ասել է Ավետիսյանը:
Նրա խոսքերով համաձայնագրի ստորագրումը կնպաստի ոլորտի ազատականացմանը միանգամից բոլոր եվրոպական փոխադրողների համար, ինչպես նաև կնպաստի Հայաստանի հետ կապված երկարաժամկետ ծրագրերի մշակմանը:
Եվրահանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, ԵՄ-Հայաստան բանակցային խմբի ղեկավար Կլաուս Գեյլը իր հերթին ընդգծել է, որ ԵՄ-ի և այլ երկրների միջև նմանատիպ համաձայնագրերի ստորագրումը զգալի արդյունքների է հանգեցրել և շահավետ է եղել կողմերի համար:
«Արդյունքում ավիափոխադրումների շուկայում ավելի շատ խաղացողներ են հայտնվում, տեղաշարժի աճ է գրանցվում, և գների զգալի նվազում: Դա նպաստում է երկրների ինտեգրմանը և ոլորտի զարգացմանը»,- ասել է Գեյլը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին մեծ նշանակություն է տվել բանակցությունների մեկնարկին, որի շնորհիվ Հայաստանը մեծ ավիաընտանիքի անդամ կդառնա:
« Հույս ունեմ, որ դա կհանգեցնի Հայաստանում տուրիզմի ոլորտի զարգացմանը: Երկիրը կվերածվի ավելի հասանելի ուղղության, ինչը էլ ավելի կբարձրացնի նրա գրավչությունը»,- ասել է Սվիտալսկին:
Եվրամիության տրանսպորտի, հեռահաղորդակցության և էներգետիկայի խորհուրդը 2016 թ. դեկտեմբերի 1-ին հավանություն էր տվել Հայաստանի հետ ԵՄ-ի ընդհանուր օդային տարածքի վերաբերյալ բանակցություններ անցկացնելու Եվրահանձնաժողովի նախաձեռնությանը:
Համաձայնագիրը թռիչքների ազատականացման իրավունք է տալիս՝ ԵՄ միանգամից բոլոր երկրների հետ:
Հայաստանի օդային փոխադրումների շուկայի համար տվյալ համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի, քանի որ այն նախատեսում է ազատության որոշակի մակարդակի ապահովում և ավիացիոն շուկայի ազատականացում: Համաձայնագրին միանալու արդյունքում Հայաստանի և ԵՄ 28 երկրների միջև ավելի ազատ թռիչքային ռեժիմ կգործի: Դա կնշանակի ինտեգրում եվրոպական օդային փոխադրումների շուկայի հետ, աջակցություն հայ գործարարներին՝ արտաքին շուկաներ դուրս գալու հարցում, և օդային փոխադրումների ոլորտում կարևոր տարանցիկ երկրի վերածում:
Արևելյան գործընկերության անդամ երկրներից միացյալ օդային տարածքին արդեն ինտեգրվել են Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան: