Բավ է պառակտվել
09-05-2017 11:01

Մայիսի 9-ին Հայաստանում նշվում է եռատոն

Մայիսի 9-ին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հանդիսավոր կերպով նշվում է եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրը, Շուշիի ազատագրման օրը և Ղարաբաղի պաշտպանական բանակի կազմավորման օրը:
Այդ օրը Հայաստանի և Արցախի Հանրապետության քաղաքական և ռազմական ղեկավարությունը ծաղկեպսակներ է դնում Հայրենական Մեծ պատերազմի և ղարաբաղյան ազատագրական շարժման հերոսների հուշարձանների մոտ: Ողջ Հանրապետությունով մեկ տեղի են ունենում տոնական միջոցառումներ:
Արդեն մի քանի տարի է ինչ Հայաստանում իրականացվում է «Գերոգիևյան ժապավեն» ակցիան: Այս տարի Երևանի կենտրոնական փողոցներով կանցնեն նաև « Անմահության գունդ» ակցիայի մասնակիցները: Հաղթանակի օրվանից երկու օր առաջ, մայիսի 7-ին,Երևանում սպորտի հարյուրավոր սիրահարների մասնակցությամբ տեղի ունեցավ « Հանուն հաղթանակի և խաղաղության» խորագրով զանգվածային վազք:
Հայաստանը հսկայական ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովուրդը մարտադաշտ է ուղարկել 600 հազ. մարտիկ, որից 300 հազարը բուն Հայաստանից էին, 200 հազարը սովետական այլ հանրապետություններից, իսկ ևս 100 հազարը՝ արտասահմանից: Մարտական գործողությունների ընթացքում զոհվել է մոտ 200 հազ. հայ: Հայաստանի նման փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրի համար դա ահռելի կորուստ էր:
Պատերազմի տարիներին հայ ազգը Խորհրդային Միության 106 հերոս է տվել:
Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում խոշորագույն զորավարների թվում են Խորհրդային Միության կրկնակի հերոս մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, օդուժի մարշալ Սերգեյ Խուդյակովը(Արմենակ Խամֆերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը:
Հայ ժողովուրդը նախապատրաստել և ճակատ է ուղարկել վեց մոտոհրաձգային դիվիզիա, իսկ Թամանյան մոտոհրաձգային դիվիզիան հասել է մինչև Բեռլին:
Հայերը Ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված հողերում մասնակցել են պարտիզանական շարժմանը և ակտիվ մասնակցություն են ունեցել թիկունքում գերմանական զորքերի ջախջախման հարցում:
Հայրենական Մեծ պատերազմի ռազմաճակատներին հայ ժողովրդի հերոսական պայքարի տրամաբանական շարունակությունը դարձավ ղարաբաղյան ազատագրական շարժումը:
Շուշիի ազատագրումը
Խորհրդային Միության փլուզումից հետո ղարաբաղյան հակամարտությունն անցում կատարեց լայնամասշտաբ մարտական գործողությունների փուլ: Պատերազմի ընթացքում բեկումնային պահ եղավ Ղարաբաղի մեծությամբ երկրորդ քաղաք, պատմական և մշակութային կենտրոն Շուշիի ազատագրումը:
1992 թ. մայիսին ղարաբաղյան ուժերը գրեթե ավարտել էին հանրապետության ներսում ադրբեջանական կրակակետերի չեզոքացման գործընթացը, Արցախի լիարժեք ազատագրման համար հարկավոր էր թշնամուն դուրս մղել Շուշիից:
Մայիսի սկզբին ինքնապաշտպանական ուժերը ծրագրեցին և իրականացրեցին Շուշիի ազատագրման փայլուն օպերացիան՝ գրելով Հայաստանի ժամանակակից պատմության ամենափառավոր էջերից մեկը: Քաղաքը լիովին ազատագրեց մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը:
Օպերացիան հսկայական ռազմավարական և հոգեբանական նշանակութուն ուներ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական ուժերը փրկեցին Ստեփանակերտը ամենօրյա ռմբակոծություններից, պայմաններ ստեղծեցին դեպի Հայաստան ցամաքային ուղի բացելու համար:
Մի քանի օր անց ղարաբաղյան բանակը ազատագրեց Լաչինը՝ ճնշելով թշնամու մոտակա կրակակետերը: Այդպիսով Հայաստանի և Արցախի միջև ուղիղ կապ հաստատվեց:
Ավելի ուշ մայիսի 9 հռչակվեց Շուշիի ազատագրման և Ղարաբաղյան բանակի կազմավորման օր: