31-05-2016 14:59

Գեղանուշ գյուղի երեք բնակիչ բարձրացել է Խուստուփ ու մոլորվել

Մայիսի 30-ին` ժամը 20:20-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի 3 բնակիչ ս.թ. մայիսի 29-ին` ժամը 09:00-ի սահմաններում մեկնել են դեպի Խուստուփի լեռ (բոխի հավաքելու), եղանակային պայմաների վատթարացման պատճառով (մառախուղ, տեղումներ) մոլորվել են և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները հասնելով գյուղ՝ նկատել են Ա. Զ.-ին (ծնված 1976 թ.) և Յ. Կ.-ին (ծնված 1998 թ.), վերջիններս հաղորդել են, որ իրենք գյուղից մոտ 8 կմ հեռավորության վրա՝ մառախուղի պատճառով, մոլորվել էին, իրենց հաջողվել է ինքնուրույն գտնել ճանապարհը և վերադառնալ, իսկ Ի. Շ.-ին՝ (ծնված 1952 թ.) ոչ:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են գյուղի 4 բնակիչ, ովքեր ժամը 22։20-ի սահմաններում՝ Խուստուփ լեռան լանջին, հայտնաբերել են Ի. Շ.-ին և ուղեկցել ավտոճանապարհի բացակայության պատճառով մոտ 4 կմ ոտքով ընդառաջ եկած հրշեջ-փրկարարների մոտ: Ժամը 01։03-ին Ի.Շ.-ը տեղափոխվել է գյուղ: