Բավ է պառակտվել
16-01-2015 11:35

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նախագահը ցավակցել է Ավետիսյանների հարազատներին

Հայաստանում ԵՄ պատվիրակության նախագահ Տրայան Հրիսթեան իր ցավակցությունն է հայտնել Գյումրիում գազանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներին: «Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գյումրիում ողբերգական, անսպասելի և անարժան ծանր կորուստ կրած հարազատներին և ընկերներին: Թող խաղաղությամբ ննջեն», - գրել է Հրիսթեան Facebook սոցցանցի իր էջում:
Ինչպես հայտնի է դարձել, հունվարի 12-ին` վաղ առավոտյան, իրենց տանը գնդակահարվել են Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները: Սպանվածների թվում է նաև երկուամյա աղջնակ: Վեց ամսեկան վիրավոր փոքրիկը այժմ գտնվում է հիվանդանոցում: Ոճրագործության մեջ մեղադրվում է ռուսաստանյանռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: Ռուսաստանյան կողմը քրեական գործ է հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի դասալքության (338 հոդվածի 2 մաս) և սպանության ( 105 հոդվածի 2 մաս ) հատկանիշներով:
Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, սակայն առայժմ հայտնի է միայն մեղադրանքի սպանության հոդվածի մասին: Ռուսաստանյան կողմի գործի քննությունը հանձնելու մասին որոշումը մեծ զայրույթ է բարձրացրել Հայաստանի հասարակության մեջ: