Բավ է պառակտվել
31-10-2014 13:26

2015թ.-ից հիմնական կենսաթոշակի չափն ավելացվելու է 2000 դրամով.սոցապնախարար

2015թ. պետական բյուջեի միջոցների շրջանակում նախատեսվում է 14%-ով ավելացնել աշխատանքային կենսաթոշակների չափը, 2015թ. հունվարի մեկից հիմնական կենսաթոշակի չափն ավելացվելու է 2000 դրամով՝ սահմանվելով 16000 դրամ. ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Հիմնական շեշտադրումը գնում է ցածր կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների կենսամակարդակի բարելավմանը, և այս առումով քաղաքականությունը շարունակվելու է»,-ասաց նա: Ըստ նախարարի՝ աշխատանքային առաջին 10 տարվա ստաժի մեկ տարվա գումարը կավելանա 100 դրամով, և 10 տարուց ավել յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ՝ նախորդ տարվա 450-ի փոխարեն: Զինվորական կենսաթոշակների մասով նույնպես, ըստ նախարարի, 2015թ. հուլիսի մեկից նախատեսվում է բարձրացում։ «Արդյունքում 2015թ. աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կանխատեսվում է 41000 դրամ, կենսաթոշակառուների թիվը՝ 458.127, շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների կենսաթոշակների միջին չափը՝ 25.000 դրամ, կենսաթոշակառուների թիվը՝ 2553, սպայական զինծառայողների կենսաթոշակի միջին չափը՝ 87.674 դրամ, կենսաթոշակառուների թիվը՝ 30.000, ծերության, հաշմանդամության նպաստների միջին չափը՝ 17.766 դրամ, նպաստառուների թիվը`62,760»,-տեղեկացրեց նախարարը: Արտեմ Ասատրյանը հավելեց, թե սոցիալական աջակցությունը նախարարության համար շարունակելու է գերակա ճյուղ համարվել: Ըստ նրա՝ ընտանեկան նպաստ և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը հաջորդ տարի կկազմի շուրջ 104.685, և համաձայն օրենսդրական փոփոխության՝ ընտանեկան նպաստները միայն երեխա ունեցող անապահով ընտանիքներին տրվող նպաստներն են։ «Իսկ չափահաս անձանցից բաղկացած անապահով ընտանիքները շարունակելու են ստանալ սոցիալական նպաստ»,-ասաց նա: Նախարարը խոսեց նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստների մասին՝ նշելով, որ 2015թ. նախատեսվում է այն տրամադրել շուրջ 43.000 ընտանիքի, որից երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան համար՝ 6415, իսկ հինգերորդ և հաջորդող երեխաների համար՝ 339 ընտանիքի: