Բավ է պառակտվել
06-10-2014 15:10

Վարչապետը հակված է, որ թնջուկը լուծվի. առևտրականների պատվիրակությունը՝ վարչապետի հետ հանդիպման մասին

 

Քիչ առաջ Կառավարության շենքից դուրս եկան այն երեք քաղաքացիները, ովքեր հանդիպել են ՀՀ վարչապետին՝ քննարկելու «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ առաջացած խնդիրները:
«Իսկապես կան թնջուկներ, որոնք լուծում պետք է գտնեն: Վարչապետը հակված է, որ թնջուկը մինչև վերջ լուծի, ամեն կերպ պատրաստ է աջակցել փոքր ու միջին բիզնեսին: Բայց խնդիրներ կան՝ կապված օրենքի հետ, որոնք մեր քննարկման արդյունքում երևան եկան: Վարչապետի հանձնարարականով պետք է հանդիպենք ֆինանսների նախարարի հետ, դրանից հետո կրկին կմոտենանք վարչապետին՝ արդեն խնդրի լուծումն ունենալու ակնկալիքով»,-հայտարարեց «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը, ով նույնպես ներկա էր վարչապետի հետ հանդիպմանը:
«Վարչապետի տրամադրությունից ելնելով, կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, գոնե հայացքից այդպես էր: Մարդն իսկապես տրամադրված է, որովհետև ոչ-ոք չի ուզում, որ իր ժողովրդի մի մասնիկն իրեն դեմ լինի»,-ասաց Ստեփան Ասլանյանը:
Նա ասաց նաև, թե հավաքվածներից ովքեր ցանկանում են, կարող են գնալ, ովքեր ոչ՝ կարող են մնալ. ՓՄՁ միության նախագահը նաև առաջարկեց, որ տարբեր տոնավաճառներից և կրպակաշարերից մեկական ներկայացուցիչ չորեքշաբթի օրն իրենց հետ գնան Ազգային ժողով՝ ներկա լինելու քննարկումներին:
«Մենք շարունակելու ենք մարդկանց հետ աշխատել և փորձելու ենք յուրաքանչյուր հարցի պատասխանը տալ»,-հայտարարեց Ստեփան Ասլանյանը:Կառավարության դիմաց հավաքված առևտրականները, ովքեր վարչապետից պատասխան են պահանջում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ժամանակ առ վանկարկում են «պա-տա-սխան, պա-տա-սխան»:
«Մենք մեծ հույս ունենք, որ վարչապետն այս օրենքը կկասեցնի, մենք հավատում ենք նրան»,- ասում են հավաքվածները:
«Եթե սպասվող պատասխանը չբավարարեց, մենք զգուշացնում ենք, որ այս ակցիան չի դադարելու, սա կարող է դառնալ գործող իշխանությունների Վաթերլոն,-հայտարարեց հավաքվածներից մեկը,-ինչպես ասում են՝ յուրաքանչյուր Նապոլեոն ունի իր Վաթերլոն: Մենք պահանջում ենք վատ, տխրահռչակ օրենքներից ազատում: Մենք օգտվում ենք մեր սահմանադրական իրավունքից և բարձրացնում մեր բողոքի ձայնը»:
«Կա-սե-ցում, կա-սե-ցում»,-պարբերաբար վանկարկում են հավաքվածները: Նշենք, որ առևտրականներից երեք հոգի այս պահին վարչապետի մոտ հանդիպման են:
Այսօր վաղ առավոտից տոնավաճառների աշխատակիցները կրկին հավաքվել են Կառավարության շենքի մոտ՝ ստանալու պատասխան, թե «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցում իրենց ո՞ր առաջարկներ են ընդունվել, քանի որ այսօր ավարտվեց վարչապետի՝ ավելի վաղ խոստացած երեք օրը:
«Էս հարցով բոլորս եկել ենք, ու մարդ կա, կասկածում է, մարդ կա՝ չի կասկածում, իմ կարծիքով՝ մեր երկրի ղեկավարները պետք է ժողովրդի մասին մտածեն, պետք է էս գործընթացին ընթացք տան՝ հօգուտ ժողովրդի»,-հայտարարեց առևտրականներից մեկը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, որ տոնավաճառների աշխատողները պիտի իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններ, սակայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին:
Նշենք, որ վարչապետի հետ հանդիպման է գնացել 3 հոգանոց պատվիրակություն:
Նշենք նաև, որ ֆինանսների նախարարի հրամանով օրենքի որոշ դրույթներ փաստացի առկախված են, և ստուգումներ այս պահին չեն արվում, սակայն առևտրականները հայտարարեցին, որ դա իրենց համար երաշխիք չէ՝ «այսօր չեն գա, վաղը կգան»: