02-09-2014 18:17

Կարարայում նշվել է «Սեպտեմբերֆեստ» 38-րդ միջոցառումը

Երևանի առաջին քույր քաղաքում՝ իտալական Կարարայում, օգոստոսի 29-30-ը անց է կացվել արդեն ավանդական դարձած «Սեպտեմբերֆեստ» 38-րդ միջոցառումը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից միջոցառմանը մասնակցող քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը Կարարայի քաղաքապետ Անջելո Զուբբանիին է փոխանցել Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը, որում, Կարարայի բոլոր բնակիչներին մաղթելով բարեկեցություն, Տարոն Մարգարյանը նաև վստահություն է հայտնել, որ քույր քաղաք Կարարայի հետ շուրջ 40-ամյա համագործակցությունն առաջիկայում էլ ավելի կզարգանա ու կընդլայնվի:
Շնորհակալություն հայտնելով տոնին մասնակցելու և շնորհավորանքների համար՝ Կարարայի քաղաքապետն ընդգծել է, որ իսկապես նկատելի են Երևանի քաղաքապետի երկուստեք փոխգործակցությունն էլ ավելի ընդլայնելու պատրաստակամությունն ու ջանքերը, ինչի համար Անջելո Զուբբանին իր շնորհակալությունն է փոխանցել Երևանի գործընկերոջը:


Հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը Կարարայի քաղաքապետին է փոխանցել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանը մասնակցելու հրավերը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Անջելո Զուբբանին, ով նախորդ տարի անձամբ է մասնակցել Երևանի տոնին, վստահեցրել է, որ այս տարի ևս Կարարայի պատվիրակությունը կմասնակցի տոնակատարությանը: