Բավ է պառակտվել
12-08-2015 14:22

Միայն դասալքության համար Պերմյակովին սպառնում է 10 տարվա ազատազրկում

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին միայն դասալքության համար սպառնում է մինչև տասը տարի ազատազրկում: ՌԴ քրեական օրենսգրքի 338 հոդվածը սահմանում է մինչև տասը տարվա ազատազրկում դասալքության համար, բայց քանի որ Պերմյակովը մեղադրվում է միաժամանակ երեք հոդվածներով` դասալքություն, զենքի հափշտակում և ապօրինի կրում, ապա Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատկալոյի խոսքով, որոշումը կայացնելիս երեք հոդվածները կհամադրվեն: «Պերմյակովը հունվարի 12-ին ծառայության վայրը լքել է առանց համապատասխան թույլտվության` վերցնելով զենք-զինամթերքը: Դա նշանակում է, որ նրա պատիժը կսահմանվի Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների` 338 հոդվածի 2 կետի, 226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի և 222 հոդվածի առաջին կետի պահանջներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրիում լրագրողներին տեղեկացրել է Կատկալոն: ՌԴ քրեական օրենսգրքի 226 հոդվածի հիշյալ կետով նախատեսվում է պատիժ 5-12 տարի ժամկետով, 222-ով` մինչև երեք տարի: Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: 

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Սպանության մասով գործը փոխանցված է հայկական կողմին: