11-09-2014 14:06

30 տնօրեն և 100 մանկավարժ հեռացվել են աշխատանքից. Կրթության պետական տեսչություն

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Կրթության և գիտության նախարարության Կրթության պետական տեսչությունը պետ Արամ Կարապետյանը տեղեկացրեց, որ կառույցն ընթացիկ տարում ուսումնասիրություններ է կատարել նախադպրոցական և դպրոցական հաստատություններում երկու ուղղություններով՝ կրթության ոլորտում օրենսդրության պահանջների և ուսման որակի խախտումներ:  «Ուսումնասիրություններով ի հայտ են եկել թերությունները, որոնք ընդհանուր են բոլոր ուսումնական հաստատությունների համար»,-նշեց բանախոսն ու մանրամասնեց. «Օրենսդրական մասով հիմնական խախտումը տնօրենների և մանկավարժների պաշտոնին նշանակման հետ են կապված. կամ մրցույթ չի հայտարարվում, կամ նշանակված անձինք չեն համապատասխանում պաշտոնին: Օրինակ Գյումրու 22 նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնասիրությունը պարզել է, որ տնօրեններից 8-ի կրթական ցենզը չի համապատասխանում պաշտոնին: Կամ կենսաթոշակային տարիքի տնօրեններ են եղել: 38 մանկավարժներ չեն համապատասխանել իրենց պաշտոնին և չեն ունեցել սահմանված չափորոշիչները»: Տեսչության պետը նաև ընդգծեց, որ այս տարվա ուսումնասիորությունների արդյունքում մոտ 30 տնօրեն և 100 մանկավարժ հեռացվել են աշխատանքից: Կրթության որակի խախտումներին անդրադառնալով, տեսչության պետը հայտնեց, որ ուսումնասիրությունները կատարել են չորս առարկայից՝ հայոց և ռուսաց լեզուներ, պատմություն ու մաթեմատիկա: «Ստուգել ենք թեստային աշխատանքներով և թելադրությունով: Այս երկու մեթոդների համեմատության պարագայում արդյունքները խիստ տարբեր են: Հասկացանք, որ գիտելիքը լավագույնս կարող է ստուգվել թելադրության միջոցով»,- եզրափակեց Արամ Կարապետյանը: