Բավ է պառակտվել
17-07-2015 17:09

Տեսականորեն հնարավոր է խորհրդարանում ունենալ առավելագույնը 198 պատգամավոր

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն այսօր կայացած ասուլիսին նշեց, որ Սահմանադրության նոր նախագծով նախատեսված է նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչների ներկայացվածություն՝ 1-4 հոգի, որոնք կգումարվեն այդ առնվազն 101 պատգամավորին: «Պառլամենտում լինելու են այն բոլոր կուսակցությունները, որոնք կուսակցությունների համար կհաղթահարեն 5 տոկոսանոց արգելքը, իսկ դաշինքների դեպքում՝ 7 տոկոսանոց շեմի արգելքը»,-ասաց նա և պարզաբանեց, որ տեսականորեն հնարավոր է խորհրդարանում ունենալ 198 պատգամավոր, գործնականում՝120-130։ Նա օրինակ բերեց, որ եթե որևէ կուսակցություն առաջին փուլում 45 տոկոս ձայն ստանա, ապա երկրորդ փուլում հաղթելու դեպքում իր մանդատները կավելանան, և խորհրդարանում կհայտնվեն օրինակ՝ 110 հոգի: Հրայր Թովմասյանն ասաց նաև, որ երկրորդ փուլում կարող է նաև դաշինքներով մասնակցություն լինել, և հնարավոր է նաև կոալիցիաների ձևավորումը, իսկ նախագահը լեգիտիմության ավելի բարձր աստիճան է ունենում: ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանին լրագրողները հարցրեցին, թե ինչպես է նախագահը մարմնավորում ազգային միասնությունը՝ ինչպես նշված է Սահմանադրության 1-7 գլուխների լրամշակած տարբերակում: Վարդան Պողոսյանն ասաց, որ պառլամենտական համակարգերում նախագահը կառավարման գործընթացներում ներգրավվածություն չունի: Նա նշեց, որ նախագահի հիմնական ֆունկցիան Սահմանադրությանը հետևելն է, հետևաբար նա պետք է լինի վերկուսակցական, չեզոք, կողմնակալ չլինի և նպաստի հասարակության ինտեգրմանը: Սահմանադրագետն ասաց, որ պառլամենտական համակարգում նախագահի ինստիտուտի առավելությունն այն է, որ ձերբազատած լինելով քաղաքական պարտավորություններից՝ նա նպաստում է, որ հիմնական հարցերի վերաբերյալ լինի կոնսենսուս: Հիշեցնելով, որ ԱԺ-ն կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից, Վարդան Պողոսյանը նշեց, որ եթե առաջին փուլի արդյունքում ձևավորվում է մեծամասնություն, ուրեմն նրանց թիվը հենց այդքան էլ լինելու է, իսկ երկրորդ փուլի դեպքում հաղթող կուսակցությունը ստանում է հավելյալ մանդատներ: