Բավ է պառակտվել
10-02-2014 11:09

Տեառնընդառաջին կրակի վրայով թռնելը հեթանոսությու՞ն, թե՞ աստվածապաշտություն

Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի կամ քառասնօրյա մանուկ Քրիստոսին տաճարին ընծայման օրը: Փետրվարի 13-ի երեկոյան եկեղեցու բակերում խարույկ է վառվում, իսկ ահա, այն ընտանքիներում, որտեղ նորապսակ զույգեր կան՝ բակերում խարույկ են վառում ու վրայով թռնում են:  Սակայն շատ հաճախ մարդիկ այս սովորույթն անում են առանց իմաստը հասկանալու:

Չնայած մեր ժողովրդի մեջ արմատացած սովորության` եկեղեցական օրացույցի մեջ նշված է,որ կրակի շուրջը պտտվելը խոտելի է: Շատ մարդիկ պտտվում են կրակի շուրջը և թռչում կրակի վրայով այն մտադրությամբ,որ դա կազատի տարբեր տեսակի ցավերից: Այսպիսի մտադրությունը դատապարտելի է,որովհետև տարբեր աստվածահաճո ցանկությունների համար մենք պետք է աղոթքով դիմենք Աստծուն` որպես քրիստոնյաներ,և ոչ թե հույսներս դնենք կրակի վրա ` որպես հեթանոսներ:

Ըստ եկեղեցու հայրերի՝   ինչպես որ Տեառնընդառաջի կրակը մենք ընծայում ենք Աստծուն,այդպես էլ նաև մեր սրտերն ու հոգիներն ընծայենք Տիրոջը և շուտով կհամոզվենք,որ Աստված նույնիսկ մեր փոքրիկ ընծայաբերումներին պատասխանում է:

Եկեղեցու սուրբ վարդապետները բացատրում են,որ սա բոլորովին հակառակ է հեթանոսական արարողությանը,որովհետև մենք հուրն ընծայում ենք Աստծուն,իսկ հեթանոսներն այսպիսի արարողությամբ պաշտում էին կրակը և ոչ թե Աստծուն : Կրակը նաև Աստծո ներկայության նշանն է Հին Ուխտում :

Իսկ ինչու՟ ենք Տեառնընդառաջին կրակ վառում : Հին Կտակարանի օրենքն ասում էր.« Եթե որևէ կին հղիանա և արու զավակ ծնի,թող նա անմաքուր համարվի յոթ օր : Ութերորդ օրը թող նա թլփատի իր որդուն : Դրանից հետո երեսուներեք օր էլ նա պիտի սպասի,որպեսզի մաքրվի իր արյունը : Նա անմաքուր բանի ձեռք չպիտի տա սրբարան չպիտի մտնի,մինչև լրանան նրա մաքրվելու օրերը » ( Ղևտ. 12.1-5 ) : Այսպիսով,քառասուն օր հետո,երբ լրացան Սուրբ Աստվածածնի մաքրվելու օրերը ,Հովսեփն ու Մարիամը,վերցնելով մանուկ Հիսուսին, եկան Երուսաղեմ : Երբ նրանք մոտեցան տաճարին,արդեն մութ էր,և տաճարի արևելյան դուռը ,որ վաղուց ի վեր փակված էր,Տիրոջ մոտենալու պահին ինքնիրեն բացվեց,որով կատարվեց Եզեկիել մարգարեի խոսքը .« Այդ դուռը փակ է մնալու ու չի բացվելու ,նրանով ոչ ոք չի անցնելու,որպեսզի Իսրայելի Տեր Աստվածը մտնի այնտեղով: Այն փակ է լինելու,որովհետև առաջնորդ Իշխանն է ներսում նստելու` Տիրոջ առաջ հաց ուտելու համար: Նա մտնելու է դռան կամարի տակլի ճանապարհով և նույն ճանապարհով էլ դուրս է գալու » ( Եզեկ. 44. 1-3 ) : Այսինքն`ըստ մարգարեության` տաճարի արևելյան դուռը բացվելու էր միայն Իսրայելի Աստծու առջև,և դա այդպես էլ եղավ: Երբ տաճարի արևելյան դուռն ինքնիրեն բացվեց ,ճայթմունք եղավ,քաղաքը դղրդաց ,ու մարդիկ ընդառաջ եկան տաճար վառվող լույսերով,քանի որ երեկոյի մթնշաղ էր : Եվ քանի որ հայտնի էր արևելյան դռան մասին Եզեկիելի մարգարեությունը,ասացին . « Տեր էանց ընդ այս դուռնս,Տէր ընդ այս » ( Տերն անցավ այս դռնով,Տերն այստեղով [անցավ ] ) : Այս խոսքերի գրաբարյան տարբերակի ձևափոխումով առաջացել է ժողովրդի կողմից առավել հաճախ գործածվող տրնդեզ բառը : Ոմանք տրնդեզ բառը ստուգաբանում են որպես Տեր ընդ մեզ` Տերը մեզ հետ է բառերից առաջացած :Նաև Սուրբ Սիմեոն Ծերունին այդ ժամանակ Տիրոջն ընդառաջ եկավ և Նրան իր գիրկն առավ : Եվ տեառնընդառաջ բառը գրաբարից թարգմանաբար նշանակում է Տիրոջն ընդառաջ :