Բավ է պառակտվել
25-04-2014 09:58

Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ակցիա է եղել

Երեկ, ապրիլի 24-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև կայացել է բողոքի ցույց: Ակցիայի մասնակիցները թուրքական պետությունից պահանջել են ճանաչել իր կատարած հանցագործությունը՝ Հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Ցեղասպանությունը: 1915-23թթ Ցեղասպանության ճանաչման և հատուցման պահանջով ցույցին միացել են Թբիլիսիում գործող բոլոր խոշոր հայկական հասարակական կազմակերպությունները: Այս մասին հաղորդում են Վրաստանի հայկական համայնքի մամուլի ծառայությունից:

Ցույցի մասնակիցներն արտահայտել են իրենց բողոքը Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության դեմ և կոչ արել հատուցել իրականացրած հանցագործության համար: Ակցիայի մասնակիցները հերթական անգամ հաստատել են հայ ժողովրդի համար արդարադատության վերականգնման համար պայքարի հաստատակամությունը, ինչպես նաև կոչ արել Վրաստանի իշխանություններին հարգել երկրի ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքները և սկսել 1915-23թթ.-ի հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման գործընթացը:

Ընթացիկ տարվա ապրիլի 24 – ին լրանում է Օսմանյան կայսրության տարածքում հայ ազգի, իրենց իսկ պատմական հայրենիքում պետական մակարդակով նախատեսված համընդհանուր ոչնչացման ծրագրի՝ Ցեղասպանության 99– րդ տարելիցը: 1915-1923 թթ. վերոնշյալ ծրագրի հետևանքով հայ ժողովորդը կորցրել է ավելի քան 2 միլիոն հայրենակից և իր հայրենիքի մեծ մասը: 1915-1923թթ. հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը որակում են որպես ցեղասպանություն, որը մարդկության դեմ կատարված հանցագործություն է: Ներկայումս Հայոց ցեղասպանությունը ճանաչել է աշխարհի ավելի քան 20 պետություն, ինչպես նաև բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպական պառլամենտն ու Եվրախորհուրդը: